24 դեկտեմբերի 2020 - 18:56 AMT
Մշակույթի նախկին նախարարի նկատմամբ հետախուզում է հայտարարվել

Մշակույթի և երիտասարդության հարցերի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել։ Պարզվել է նախկին նախարարի կողմից թույլ տրված չարաշահումների մի շարք հանգամանքներն ու դրանց կատարման մեխանիզմը, տեղեկացնում է Քննչական կոմիտեն։

Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Հասմիկ Պողոսյանը, 2006թ. լինելով նախարար և միաժամանակ «Արտասահմանյան երկրների հետ մշակութային համագործակցության հայկական հասարակական կազմակերպության» փոխնախագահը, ՀԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված Երևանի Աբովյան 3 հասցեում գտնվող հողամասը, ՀԿ նախագահ, իսկ այնուհետև Իսրայելում ՀՀ դեսպան Ա.Ս.-ի օժանդակությամբ դարձրել է հասարակական կազմակերպության սեփականությունը` անզգուշությամբ առաջացնելով ծանր հետևանքներ:

Այնուհետև 201,000,000 դրամ գնահատված արժեքով շենքը և հողամասը, որպես ավանդ, ներդրել են ՀԿ-ի խորհրդի որոշմամբ հիմնադրված ՍՊԸ կապիտալում, որից հետո դարձրել են նշված ՍՊԸ սեփականություն և, ՍՊԸ 100 տոկոս բաժնեմասը 550,000 դոլարով ձևական գործարքի միջոցով օտարել են օֆշորում՝ Բրիտանական Վիրջինյան կղզիներում գրանցված, Հ.Պ-ի բարեկամին պատկանող ընկերությանը` այդկերպ փորձելով բարդ հանցավոր սխեմայով օրինականացնել հանցավոր ճանապարհով ստացված գույքը:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Պողոսյանը որպես մեղադրյալ է ներգրավվել՝ ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) 2-րդ մասով (պատժվում է ազատազրկմամբ` 2-6 տարի ժամկետով) և ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի (հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը (փողերի լվացումը)) 3-րդ մասի 1-ին կետով (պատժվում է ազատազրկմամբ` 6-12 տարի ժամկետով): Նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Իսկ հասարակական կազմակերպության նախագահ, Իսրայելում ՀՀ դեսպանին մեղադրանք է առաջադրվել 38-308-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն օժանդակելը) 2-րդ մասով (պատժվում է ազատազրկմամբ` 2-6 տարի ժամկետով): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել գրավը՝ 20,000,000 դրամի չափով։