28 փետրվարի 2009 - 14:32 AMT
Ռուսաստանի բյուջեում Հայաստանին կայուն վարկ տրամադրելու վերաբերյալ ուղղումներ են ներմուծվելու
Արդեն ավարտվել է Հայաստանին 500 մլն ԱՄՆ դոլարի վարկ տրամադրելու հետ կապված հարցի մշակումը: Այդ մասին իր հայ գործընկեր Տիգրան Սարգսյանի հետ հանդիպմանը հայտնել է Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը: «Դրա համար անհրաժեշտ է միայն հաստատել այդ բյուջեն Ռուսաստանի Դաշնության խորհրդարանում»,- ասել է Պուտինը: Նա հույս է հայտնել, որ դա կկատարվի ամենամոտ ժամանակում, քանի որ վարկի տրամադրումը կապված է բյուջեի փոփոխությունների հետ:
Տիգրան Սարգսյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ռուս գործընկերոջը եւ ավելացրել, որ այդ ֆինանսական օգնության շնորհիվ Հայաստանը կկարողանա հաղթահարել համաշխարհային ֆինանսական ճգնաժամի բացասական հետեւանքները: «Ես վստահ եմ, որ այդ գումարը կծառայի նաեւ ռուսական կապիտալով այն հազարավոր ձեռնարկություններին, որոնք այսօր արդյունավետ կերպով գործում են Հայաստանի տարածքում: Նրանց համար մենք կկարողանանք բարենպաստ մակրոտնտեսական միջավայր ստեղծել»,- ասել է Հայաստանի կառավարության ղեկավարը: