Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ կարգադրել է 2021-ին միջազգային օդանավակայան կառուցել Ֆիզուլիում։
«Իմ կարգադրությամբ Ֆիզուլիում միջազգային օդանավակայան կկառուցվի։ Արդեն վայրն է ընտրվում։ Տարածքի ականազերծման աշխատանքներ կիրականացվեն։ Ես կարգադրել եմ, որ 2021-ին Ֆիզուլիում օդանավակայան կառուցվի, գոնե թռիչքուղիները պետք է պատրաստ լինեն»,- ասել է Ալիևը երկրի նորանշանակ մշակույթի նախարար Անար Քերիմովի հետ տեսազրույցի ժամանակ, գրում է ՌԻԱ Նովոստին։
Ըստ Ալիևի՝ «միջազգային օդանավակայանը Ֆիզուլիում թույլ կտա օտարերկրացի հյուրերի հրավիրել Շուշի։ Ժամանելով Ֆիզուլի՝ սեղմ ժամկետում հնարավոր կլինի հասնել Շուշի»,- ասել է Ադրբեջանի նախագահը։
Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր Ֆիզուլիից Շուշի ճանապարհ կառուցելու մասին։«Այսօր դրվում է Ֆիզուլի-Շուշի ավտոճանապարհի հիմքը։ Այդ ճանապարհը շատ կարևոր է՝ այն տանում է դեպի Ղարաբաղի մարգարիտը հանդիսացող Շուշի»,- ասել էր նա։