8 հունվարի 2021 - 14:35 AMT
Ռեստորանների միություն․ Վերացրեք հանրային սննդի ոլորտի ժամանակավրեպ սահմանափակումները

Ռեստորանների հայկական միությունն առաջարկում է վերացնել Covid-19-ի պատճառով հանրային սննդի ոլորտին առնչվող «ժամանակավրեպ սահմանափակումները», հեշտացնել օտարերկրացիների, գործարարների և զբոսաշրջիկների մուտքը Հայաստան՝ ապահովելով առողջապահական անվտանգության միջոցառումները։

Միությունից առաջարկում են նաև վերականգնել արտոնագրերի տրամադրման արագացված ռեժիմը, ոլորտին առնչվող մյուս հարցերը կարգավորելու համար ձևավորել մշտական գործող աշխատանքային խումբ։

Միությունից արձագանքել են առողջապահության նախարարության՝ կարանտինը ևս 6 ամսով երկարաձգելու մտադրությանը։ Նրանք կարևորել են ընդունվելիք որոշման վերաբերյալ նախապես իրենց բնագավառի ներկայացուցիչների հետ խորհրդակցելու անհրաժեշտությունը՝ հատկապես Առողջապահության նախարարության կողմից։

«Ընդգծում ենք, որ կարանտինային նորմերի նույնաբովանդակ պահպանումը չի կարող կրել ուղղակի արհեստական և ձևական բնույթ, ամենևին չնպաստելով խնդրի իրական լուծմանը և շարունակական վնասներ պատճառելով արդեն իսկ փլուզման եզրին հայտնված հանրային սննդի ոլորտի ձեռնարկություններին»,- հայտնել են ՌՀՄ-ից։

Ավելի վաղ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարել էր, որ կարանտինը երկարացնելու նախագիծն իրենց հետ չի քննարկվել, նախարարությունը դեմ է դրան։ Նա նշել էր, որ իրենք կքննարկեն և «միայն շատ ծանրակշիռ փաստարկների դեպքում կկարողանան այդ առաջարկի որոշ կետերի հետ համաձայնել»։ Քերոբյանի խոսքով՝ այժմ տնտեսությանն ամենաշատն է անհրաժեշտ թթվածին և պետք է ամեն ինչ անել, որ այն հնարավորինս բաց աշխատի: