17 հուլիսի 2002 - 18:46 AMT
ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱՌՋԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏՔԻ ԴԻՄԱՑ ՀԱՅԿԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Այսօր Երեւանում ստորագրվել է համաձայնագիր Ռուսաստանի կառավարության կողմից Հայաստանին տրամադրված պետական վարկի դիմաց մի շարք հայկական ձեռնարկություններ ռուսական կողմին փոխանցելու մասին: Ինչպես հայտարարել է Երեւանում գտնվող հայ-ռուսական տնտեսական համագործակցության հանձնաժողովի համանախագահ, Ռուսաստանի արդյունաբերության, գիտության եւ տեխնոլոգիաների նախարար Իլյա Կլեբանովը, համաձայնագիրը ընդգրկում է արարողակարգային հարցեր, եւ նախատեսվում է, որ մինչեւ տարեվերջ կկայանա ունեցվածքի ակտերի փոխանակում: «Չեմ ուզում առաջ անցնել իրադարձություններից, սակայն կարծում եմ, որ հուլիսի 19-ին Հայաստանը Ռուսաստանին կտրամադրի փոխանցվող ձեռնարկությունների մասին նոտան եւ նույն օրվանից կսկսվի համաձայնագրի տեխնիկական մասի իրականացումը»,- նշել է Կլեբանովը: Նա հաղորդել է, որ ենթադրաբար սեպտեմբերին երկու երկրների խորհրդարանները կվավերացնեն տվյալ համաձայնագիրը: Ինչ վերաբերում է ձեռնարկություններին, ապա, Ի. Կլեբանովի խոսքերով, «դրանք կպահանջեն լուրջ ներդրումներ եւ ռուսաստանյան բիզնեսը կգործի կարեւոր նշանակություն ունեցող հայկական ձեռնարկություններում»: Հիշեցնենք, որ 2002 թվականի մարտի 21-ի համաձայնագրով, Ռուսաստանը 101 միլիոն դոլար կազմող Հայաստանի պետական պարտքի դիմաց կստանա Հրազդանի ՋԷԿ-ի, «Մարս» ՓԲԸ-ի, Երեւանի մաթեմատիկական մեքենաների ԳՀԻ-ի, Երեւանի կառավարման ավտոմատացված համակարգերի ԳՀԻ-ի, Երեւանի նյութաբանության ԳՀԻ-ի բաժնետոմսերը: