11 հունվարի 2021 - 11:13 AMT
ՄԻՊ․ Դատապարտելի է գերեվարված հայ զինվորների հարցը տարածքայինի հետ կապելն ու քաղաքականացնելը

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն, անդրադառնալով հայ գերիների մասին ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցչի տարածած նամակին, հայտարարել է, որ բացարձակ դատապարտելի է Ադրբեջանում գերության մեջ գտնվող հայ զինծառայողների հարցը տարածքայինի հետ կապելն ու ակնհայտ քաղաքականացնելը։

ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչը 2020-ի դեկտեմբերի 28-ին կազմակերպության գլխավոր քարտուղարին է հասցեագրել նամակ, որը տարածվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում և Անվտանգության խորհրդում: Այդ նամակում տեղ են գտել Ադրբեջանում գերության մեջ գտնվող ՀՀ քաղաքացիներին ու նրանց իրավունքներին վերաբերող հարցեր։

Թաթոյանի հայտարարության մեջ մասնավորապես ասվում է․

«1. ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցչի նամակում նշված է, որ հակաահաբեկչական միջոցառման շրջանակում ադրբեջական մարմինները հայտնաբերել են ՀՀ քաղաքացի 62 զինծառայող, որոնք զորակոչված են գլխավորապես Շիրակից, կալանավորված են և Ադրբեջանում նրանց նկատմամբ ընթանում են քննչական վարույթներ: Նշված զինծառայողներն անվանվում են ՀՀ ԶՈւ դիվերսիոն խմբի անդամներ ու նշվում, որ նրանք ուղարկվել են «Ադրբեջանի Լաչինի շրջան»՝ իբր ադրբեջանական ԶՈւ անձնակազմերի և քաղաքացիական անձանց նկատմամբ ահաբեկչական գործողություններ իրականացնելու նպատակով:

Այնուհետև, Ադրբեջանի ներկայացուցիչն արել է քաղաքական բնույթի եզրահանգումներ, այդ թվում՝ ՄԱԿ-ին առաջարկելով ՀՀ նկատմամբ ձեռնարկել որոշակի գործողություններ: Նույն սկզբունքով նամակում եզրահանգում է արված նաև այն մասին, թե ՀՀ-ն խախտում է եռակողմ հայտարարությունը:

2. ՀՀ ՄԻՊ-ն արձանագրում է, որ Ադրբեջանում գերության մեջ գտնվող հայ զինծառայողների հարցը տարածքային հարցերի հետ կապելն ու ակնհայտ քաղաքականացնելը կոպտորեն խախտում է հետպատերազմական փուլի մարդասիրական գործընթացն ու մարդու իրավունքները երաշխավորող միջազգային պահանջները:

Ինչպես ադրբեջանական նամակում նշված 62, այնպես էլ մյուս բոլոր հայ զինծառայողները կարգավիճակով գերիներ են, նրանք իրենց գերեվարման վայրերում են գտնվել բացառապես իրենց իրավական պարտականությունը կատարելու՝ զինվորական ծառայություն տանելու նպատակով ու նրանք պետք է առանց որևէ նախապայման ազատ արձակվեն ու վերադարձվեն Հայաստան:

Ռազմական գործողությունների մասնակցելու համար նրանք չեն կարող որևէ տեսակի քրեական հետապնդման ենթարկվել կամ կալանավորվել՝ որպես պատիժ՝ այս պահանջներն ամրագրված են 1949-ի Ժնևի երրորդ կոնվենցիայում:

3. Անթույլատրելլի է հետպատերազմական գործընթացի մարդու իրավունքների կամ մարդասիրական հարցերը քաղաքականացնելը: Գերիների վերադարձը կամ ազատ արձակումն անկախ է քաղաքական որևէ գործընթացից: Դա պետք է ապահովվի ռազմական գործողությունների դադարից անմիջապես հետո:

Նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետն ունի ինքնավար նշանակություն ու պետք է գործի բացառապես ինքնավար մեկնաբանությամբ: Այն որևէ պարագայում չի կարելի դիտարկել հայտարարության մյուս կետերի հետ կապի կամ կախվածության մեջ:

4. Բացարձակ անթույլատրելի է եռակողմ հայտարարությունը մեկնաբանել այնպես, իբր թե դրա գործողությունը տարածվում է միայն այդ հայտարարության ստորագրումից առաջ առկա իրավիճակի վրա: Նման մոտեցումը կոպտորեն ոտնահարում է մարդու իրավունքներն ու հետպատերազմական մարդասիրական գործընթացը:

Նշված հայտարարությունը պետք է կիրառվի ինչպես նոյեմբերի 10-ից առաջ, այնպես էլ դրանից հետո առաջ եկած բոլոր իրավիճակների նկատմամբ. այնքան ժամանակ, քանի դեռ պատերազմական գործողությունների հետևանքներով պայմանավորված՝ առկա է մարդու իրավունքների պաշտպանության ու մարդասիրական գործընթացի օբյեկտիվ անհրաժեշտություն:

Գործնականում արդեն իսկ արձանագրվել են դեպքեր, երբ ադրբեջանական զինված ուժերը հայերի են գերեվարել նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունից հետո, սակայն նրանք հետո վերադարձվել են Հայաստան:

5. Ադրբեջանական իշխանությունները ձգձգում են 62 հայ զինծառայող գերիների վերադարձը՝ նենգափոխելով իրավական գործընթացները, նրանց արհեստականորեն տալով կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ ու կալանքի ձևով անազատության մեջ պահելը օգտագործելով՝ որպես պատիժ»:

Նշվում է նաև, որ հայտարարության 8-րդ կետի պահանջի հիման վրա ՀՀ-ն արդեն իսկ Ադրբեջանին է փոխանցել Արցախում հանցանքներ, այդ թվում՝ խաղաղ բնակիչների սպանություն կատարած և դատապարտված երկու անձի: Ադրբեջանը նույն սկզբունքով ՀՀ-ին է փոխանցել այդ երկրում ֆորմալ դատապարտված հայերի:

Ուստի, նշվածը նույնպես ակնհայտ է դարձնում, որ անգամ քրեական վարույթ նախաձեռնելու ու հայ զինծառայողներին կասկածյալ կամ մեղադրյալ դարձնելու միջոցով գերիների վերադարձը ձգձգելն ունի ակնհայտ արհեստական բնույթ։

«6. ՄԻՊ ուսումնասիրությունները հաստատում են, որ Ադրբեջանի իշխանության մարմինները չեն հայտնում գերիների իրական թիվը: ՄԻՊ աշխատակազմի հավաքագրած ապացույցները հաստատում են, որ նրանց թիվն ավելի շատ է, քան ադրբեջանական իշխանությունները հաստատել են: Դա վերաբերում է նաև մինչև 44 գերիների վերադարձին:

7. Գերիների ազատ արձակման հարցի բացարձակ հրատապությունը պետք է դիտարկել նաև Ադրբեջանում հայատյացության ու թշնամանքի քարոզի կազմակերպված քաղաքականության համատեքստում: Այս հարցը սերտորեն կապված է ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցչի նամակի հետ նաև այն առումով, որ հայ զինծառայողներն առաջնահերթ իրականացրել են իրենց հայրենակիցների՝ հայերի կյանքի, ինչպես նաև առողջության պահպանման, սեփականության ու կենսական կարևորության մյուս իրավունքների պաշտպանությունը: Այս հարցը հատկապես կարևոր է այն