11 հունվարի 2021 - 12:51 AMT
Փաշինյանը Մոսկվայում է․ Ժամեր անց կհանդիպի Պուտինին ու Ալիևին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով ժամանել է Մոսկվա, հայտարարել է նրա խոսնակ Մանե Գևորգյանը։

«Ժամեր անց կմեկնարկի Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը»,- նշել է նա՝ հավելելով, որ հանդիպման արդյունքների վերաբերյալ կլինի պաշտոնական հաղորդագրություն։

Հունվարի 11-ին Մոսկվայում նախատեսված է եռակողմ հանդիպում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև, ինչպես նաև առանձին Պուտին-Փաշինյան, Պուտին-Ալիև հանդիպումներ։ Փաշինյանի խոսնակն ավելի վաղ տեղեկացրել էր, որ հանդիպումը լինելու է տնտեսական հարցերի, անհետ կորածների ու գերիների խնդիրների շուրջ։