12 հունվարի 2021 - 10:35 AMT
ԵԽԽՎ իտալացի պատգամավորը 4 տարով կազատազրկվի Ադրբեջանից կաշառք ստանալու համար

Միլանի դատարանը իտալացի հայտնի քաղգործիչ, Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) պատգամավոր Լուկա Վոլոնտեին մեղավոր է ճանաչել Ադրբեջանի ներկայացուցիչներից խոշոր կաշառքներ վերցնելու համար և դատապարտել նրան 4 տարվա ազատազրկման՝ կոռուպցիայի համար, հայտնում է Sputnik Արմենիան՝ իտալական La Repubblica-ին հղումով։

Ըստ պարբերականի՝ Վոլոնտեն, լինելով Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբակցության ղեկավար, կես միլիոն եվրո է ստացել Ադրբեջանի երկու ներկայացուցչից․ այդքան են գնահատվել այդ անդրկովկասյան պետության քաղաքական բանտարկյալների մասին զեկույցը չհաստատելուն ուղղված նրա ջանքերը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր իտալական La Verita-ն, Վոլոնտեն գումարը ստանում էր իր կողմից բացված երկու հիմնադրամի անունով, իսկ միջոցները ձևակերպվում էին որպես խորհրդատվության վարձրատրություն։

Միլանի դատախազությունը Վոլոնտեին մեղադրանքներ Է առաջադրել դեռ 2016-ի հունիսին։ Այն ժամանակ նրան մեղադրել էին 2012-2014 թվականներին գրեթե 2.4 մլն եվրո ստանալու համար։ Հետաքննության վարկածով՝ իտալացի պատգամավորն այն ժամանակ խոշոր նվիրատվություն է ստացել այն բանի համար, որ իրականացնում էր Ադրբեջանի իշխանությունների շահերից բխող քաղաքական գործունեություն։ Ընդհանուր առմամբ, նրան խոստացել են 10 մլն եվրո։

2018 թվականի դեկտեմբերին Միլանում սկսվել է Վոլոնտեի նկատմամբ դատական գործընթացը ՝ կոռուպցիայի մեղադրանքով։ Լսումների արդյունքում դատարանը հանել է ամբողջ գումարը ստանալու մեղադրանքը, սակայն ընդունել կես միլիոն եվրո կաշառք ստանալու փաստը։

2010-ի հունվարից մինչև 2013-ի հունիսը նա ԵԽԽՎ-ում ղեկավարել է Եվրոպական ժողովրդական կուսակցությունը։