13 հունվարի 2021 - 11:05 AMT
Որոնումների արդյունքում ևս 7 հայ զինծառայողի դի են գտել

Հունվարի 12-ի որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է 7 զինծառայողի մարմին: Այդ մասին տեղեկացրել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը, գրում է Aysor.am-ը։

«Չորս մարմին հայտնաբերվել է Ջաբրայիլից, երկուսը՝ Ֆիզուլիից, մեկը՝ Արցախի ու Սյունիքի մարզի միջանկյալ տարածքից։ Հունվարի 13-ին որոնողական աշխատանքները շարունակվելու են Քարին տակ, Թալիշ-Մատաղիս և Հադրութի ուղղություններով», - ասել է Թադևոսյանը։

Նոյեմբերի 13-ից, ընդհանուր առմամբ, որոնողական աշխատանքների ընթացքում դուրս է բերվել 1229 մարմին:

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում զոհվածների վերջնական թիվը դեռ հայտնի չէ, մինչ օրս հրապարակվել է զոհվածների մոտ 2000 անուն։ Հունվարի 4-ին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարել է, որ դատաբժշկական փորձաքննության է ենթարկվել 3360 զոհված զինծառայողի մարմին կամ մասունք։