14 հունվարի 2021 - 15:29 AMT
ՄԽ նախկին համանախագահ․ ԼՂ խնդիրը լուծված չէ, առանցքային հարցերը մնում են

Լեռնային Ղարաբաղի հարցով անհանգստացնող կողմն այն է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը գործում է այնպես, կարծես հակամարտությունը լուծված է, հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Քերի Քավանոն։

Նա թվիթերյան իր միկրոբլոգում անդրադարձել է հունվարի 11-ին Մոսկվայում Պուտին-Փաշինյան-Ալիև հանդիպմանը։

«Եռակողմ հանդիպման դրական կողմն այն էր, որ Պուտինը պարտավորվել է աշխատել Ղարաբաղի հարցով: Անհանգստացնող կողմն այն է, որ Ալիևը գործում է այնպես, կարծես հակամարտությունը լուծված է: Դա այդպես չէ, առանցքային խնդիրները մնում են։ Անհրաժեշտ է համապարփակ կարգավորում՝ կայուն խաղաղության և բարգավաճման հիմք ստեղծելու համար»,- գրել է նա։

ԵԱՀԿ Մինսկի խումբը ղարաբաղյան հակամարտության բանակցային կարգավորմամբ զբաղվող միջազգային կառույց է, որը համանախագահում են ՌԴ-ն, Ֆրանսիան ու ԱՄՆ-ն։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։ 2021-ի հունվարի 11-ին Մոսկվայում եռակողմ հայտարարություն ստորագրվեց տարածաշրջանում տրանսպորտային ապաշրջափակման մասին։