Ռուսաստանն ու Վրաստանը մարտի 5-ին կվերականգնեն մուտքի արտոնագրերի փոխադարձ տրամադրումը
Ռուսաստանի արտգործնախարարությունը մարտի 2-ին հաստատել է, որ Շվեյցարիայի դեսպանատունը Թբիլիսիում մարտի 5-ից կսկսի սպասարկել Վրաստանի քաղաքացիներին ՌԴ մուտքի արտոնագրեր տրամադրելու նպատակով:
«Մարտի 4-ին ռուս եւ շվեյցարացի դիվանագետները նոտաներ կփոխանակեն Մոսկվայում, իսկ վրաց եւ շվեյցարացի դիվանագետները Թբիլիսիում: Հաջորդ օրը միաժամանակ կբացվեն բաժանմունքները (ՌԴ շահերի բաժանմունքը Թբիլիսիում Շվեյցարիայի դեսպանատանը կից եւ վրացական շահերի բաժանմունք Մոսկվայում Շվեյցարիայի դեսպանատանը կից) եւ մենք կվերսկսենք դիվանագիտական ու հյուպատոսական գործառույթների կատարումը»,-պարզաբանել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության ու մամուլի դեպարտամենտի փոխղեկավար Իգոր Լյապին-Ֆրոլովը:
ՌԴ-ն ու Վրաստանը խզեցին դիվանագիտական հարաբերությունները 2008թ. օգոստոսին Հարավային Օսեթիայում ծավալված պատերազմից հետո: Պատերազմի արդյունքում Մոսկվան ճանաչեց Հարավային Օսեթիայի ու Աբխազիայի անկախությունը: Վրաստանն, իր հերթին, այդ հանրապետությունների տարածքը համարում է զավթված:
Վրաստանում ՌԴ դեսպանատան ու հյուպատոսության փակումից հետո Վրաստանի քաղաքացիներին դադարեցվեց ՌԴ մուտքի արտոնագրերի տրամադրումը: Ավելի ուշ Շվեյցարիան համաձայնվեց ներկայացնել ՌԴ շահերը Վրաստանում եւ Վրաստանի շահերը ՌԴ-ում:
Այժմ Ռուսաստանը մուտքի արտոնագրեր չի տրամադրում Վրաստանի քաղաքացիներին, քանի որ Թբիլիսիում գտնվող դեսպանատունը պաշտոնապես փակ է, սակայն Վրաստանի քաղաքացիները կարող են ստանալ դրանք երրորդ երկրներում, հաղորդում է Լենտա.ռու-ն: