16 հունվարի 2021 - 13:42 AMT
ՄԻՊ-ը՝ ապաշրջափակման մասին․ Պետք է երաշխավորվեն բնակիչների իրավունքները

Տնտեսական ու տրանսպորտային կապերի ապաշրջափակումը պետք է իրականացվի ՀՀ քաղաքացիների ու առաջին հերթին սահմանային բնակավայրերի բնակիչների՝ Սահմանադրությամբ ամրագրված իրավունքների բարձր երաշխավորմամբ, հայտարարել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

«Հայաստանի Հանրապետության պետական կառավարման բարձրագույն մարմինների գործողությունների կամ որոշումների հիմքում պետք է լինի այն, թե որքանով է այդ գործողությամբ կամ որոշմամբ մեր երկրում ապահովվում իրավունքի գերակայությունը: Սա իր հերթին նշանակում է Հայաստանում ապրող յուրաքանչյուր մարդու կյանքի, սեփականության ու մյուս բոլոր իրավունքների ամուր երաշխիքներ, բոլոր ռիսկերի ապահովագրմամբ դրանց լիարժեք պաշտպանություն իրական կյանքում»,- նշված է հաղորդագրության մեջ։

ՄԻՊ-ի դիտարկմամբ՝ սկզբունքային կարևորության հարց է, որ նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետի ու հունվարի 11-ի եռակողմ հայտարարության դրույթներն իրականացնելիս պարտադիր հաշվի առնվի Արցախում հայերի նկատմամբ ադրբեջանական իշխանությունների իրականացրած էթնիկ զտումների քաղաքականությունը։ Ըստ պաշտպանի՝ այն ոչ միայն շարունակում է, այլ նաև հայատյացությունն ու թշնամանքի քարոզն օրեցօր խորանում է. Ադրբեջանում հայ ժողովրդի մասին խոսում են ցեղասպանության բացահայտ սպառնալիքներով:

Ըստ նրա՝ եթե միջազգային ակտի որևէ դրույթ կարճաժամկետ կամ երկարաժամկետ հեռանկարում հանգեցնելու է Հայաստանի բնակիչների իրավունքները խախտող գործողությունների կամ որոշումների, ապա դրանք չեն կարող ունենալ որևէ իրավական ուժ։ Այդպիսով, կխախտվի իրավունքի գերակայությունը ու հետևաբար նաև՝ ՀՀ Սահմանադրությունը:

Պաշտպանը շեշտել է՝ դրանք պետության պարտավորություններն են Հայաստանում ապրող յուրաքանչուր մարդու նկատմամբ, «որոնք ուղիղ հետևում են իր իսկ ստորագրած ու վավերացրած միջազգային պայմանագրերից»:

44-օրյա պատերազմին հաջորդած նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունից հետո հայկական մի շարք տարածքներ անցել են Ադրբեջանին։ Տարածքային որոշ զիջումներ են եղել նաև ՀՀ-ից՝ Սյունիքի մարզի որոշ համայնքներին պատկանող հողեր կամ տներ անցել են Ադրբեջանին՝ ըստ ԽՍՀՄ քարտեզի։ Այդ տարածքներում սահմանազատման աշխատանքները կատարվել են GPS տեղորոշմամբ։