16 հունվարի 2021 - 14:45 AMT
ԱԺ-ում գերիների վերադարձի հարցով փակ քննարկում է եղել

Հունվարի 15-ին Ազգային ժողովում կայացել է պատգամավորներ Գոռ Գևորգյանի և Սոֆիա Հովսեփյանի կազմակերպած աշխատանքային փակ քննարկում` «Ադրբեջանում հայկական կողմի գերիների վերադարձի խնդիրները» թեմայով:

Քննարկմանը մասնակցել են ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, ներկայացուցիչներ Արտաքին գործերի նախարարությունից և Ազգային անվտանգության ծառայությունից, իրավապաշտպաններ Արտակ Զեյնալյանը և Սիրանուշ Սահակյանը, ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներ:

Հանդիպմանը քննարկվել են գերիների վերադարձին խոչընդոտող խնդիրները, հնչեցվել են մի շարք առաջարկներ, հստակեցվել հետագա անելիքները:

Կարևորվել է համատեղ աշխատանքի արդյունավետությունը:

Հունվարի 11-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում Պուտին-Փաշինյան-Ալիև եռակողմ հանդիպման ավարտին հայտարարել է, որ դրա ընթացքում չի հաջողվել լուծել ռազմագերիների հարցը, աշխատանքները շարունակվելու են։

Հանդիպման արդյունքներով ընդունվել է համատեղ հայտարարություն, ըստ որի տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային բոլոր կապերն ապաշրջափակելու նպատակով եռակողմ աշխատանքային խումբ է ստեղծվելու։Աշխատանքային խումբն առաջին հանդիպումը կանցկացնի մինչև հունվարի 30-ը: Երևանը, Բաքուն ու Մոսկվան մինչև մարտի 1-ը կներկայացնեն ՀՀ ու Ադրբեջանի տարածքով փոխադրումների համար անհրաժեշտ աշխատանքների ժամանակացույցը։ Եռակողմ աշխատանքային խումբը ՀՀ-ից կգլխավորի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։