22 հունվարի 2021 - 15:24 AMT
Washington Post. Բայդենը բացառում է ՌԴ հետ հարաբերությունների «վերագործարկումը»

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը բացառում է Ռուսաստանի հետ հարաբերությունների «վերագործարկումը», փոխանցում է ՌԻԱ Նովոստին` Washington Post-ին հղումով։ WP-ն իր հերթին հղում է անում սեփական աղբյուրներին։

«Ռուսաստանի հետ աշխատելով՝ մենք նաև կփորձենք այդ երկրին պատասխանատվության ենթարկել իր անխոհեմ և ագրեսիվ գործողությունների համար, որոնց մենք ականատես ենք եղել վերջին ամիսներին ու տարիներին», - WP-ն մեջբերել է ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյայի խոսքը։

Ըստ աղբյուրի՝ Բայդենի հանձնարարականով շաբաթվա ընթացքում ազգային հետախուզությունը Ռուսաստանի մասով ամբողջական հաշվետվություն պետք է ներկայացնի, որն ընդգրկելու է 2020-ի նախագահական ընտրություններում ՌԴ հնարավոր միջամտության, ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնու դեմ քիմիական զենք օգտագործելու, ԱՄՆ դաշնային գործակալությունների վրա դեկտեմբերի զանգվածային կիբերհարձակումների մասին մանրամասներ։

Սրան զուգահեռ՝ Բայդենը մտադիր է երկարաձգել ՌԴ հետ 5 տարվա ռազմավարական հարձակողական զենքի մասին պայմանագրի ժամկետը, որը լրանում է 2021-ի փետրվարին։

Ըստ ԱՄՆ հետախուզության նախկին ավագ սպա Անջելա Սթենթի՝ Բայդենի վարչակազմը ԽՍՀՄ փլուզումից հետո միակն է, որ բացահայտ հրաժարվում է ՌԴ-ի հետ հարաբերությունները բարելավելուց։

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ իրենք Բայդենի վարչակազմից հույս ունեն պատասխան ստանալ՝ Մոսկվայի ու Վաշինգտոնի հարաբերությունների մասով։ Ըստ նրա՝ գնդակն այժմ Վաշինգտոնի դաշտում է։

Photo. AP