22 հունվարի 2021 - 13:24 AMT
17-ից մեկը գնաց․ «Դեմոկրատական այլընտրանքը» դուրս է գալիս Հայրենիքի փրկության շարժումից

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը հեռանում է Հայրենիքի փրկության շարժումից, հայտարարել է կուսակցության քաղխորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը։

«Հայրենիքի փրկության շարժման» հիմնական «առաքելությունը» ոչ թե (վարչապետ) Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելն է, այլ նրան ստիպելը, որ ավելի մեծ «էնտուզիազմով» խոնարհվի ռուսական արքունիքի առջև (Նիկոլ Փաշինյանը սիրով խոնարհվեց (ՌԴ նախագահ Վլադիմիր) Պուտինի առաջ, որովհետև նրան հետաքրքրում է բացառապես սեփական աթոռի պահպանումը)։ Նման դաշինքում «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը անելիք չունի։ Մեր օրակարգում առաջնային պահանջը դարձյալ մնում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, սակայն մենք ճանապարհ չունենք այն հարթակի հետ, որը մոսկովյան ինչ-որ «կտերից» կուրացած՝ «բոմժի» կարգավիճակում է տեսնում մեր հասարակության տարբեր շերտերի»,-հայտարարել է նա։

Սուրենյանցը նշել է, թե իրենց պաշտոնական հայտարարությւոնը կհրապարակվի հունվարի 23-ին։

Նոյեմբերի 10-ի պատերազմի դադարեցման հայտարարությունից հետո Հայաստանում ընդդիմադիր ուժերը պահանջում էին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Ընդդիմադիրները որպես միասնական թեկնածու էին ներկյացարել նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանին։ Ավելի վաղ Գյումրի կատարած իր այցի ընթացքում Վազգեն Մանուկյանը «բոմժ» էր անվանել Ազատան համայնքում իր ճանապարհը փակած քաղաքացիներին։ Դրանից հետո նա հայտարարել էր, թե իր դեմ բողոքի ակցիան կազմակերպված է եղել և ուղղորդված։

Փաշինյանի հրաժարականը պահանջող և Հայրենիքի փրկության շարժումը նախաձեռնած քաղուժերի մեջ են՝ «Ազատություն», «Ազգային անվտանգություն», «Ազգային օրակարգ» «Ազգային ժողովրդավարական միություն», «Ազգային համաձայնություն», «Ալյանս առաջադիմական ցենտրիստական» կուսակցություն, «Բարգավաճ Հայաստան», «Երկիր Ծիրանի», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն», «Համերաշխություն», «Հայաստանի ժողովրդավարական ազատական միություն», «Հայաստանի Հանրապետական», «Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական միություն», «Հայրենիք», «Մեկ Հայաստան», «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցությունները։