22 հունվարի 2021 - 14:29 AMT
ԱԺ-ում քննարկում են ԲԴԽ անդամների ընտրության հարցը․ Խորհրդարանի դիմաց ցույց է

Հունվարի 22-ին Ազգային ժողովն արտահերթ նիստ է գումարել՝ օրակարգում ունենալով Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընտրության հարցը։

Խորհրդարանի «Իմ քայլը» խմբակցությունը ԲԴԽ անդամի պաշտոնում առաջադրել է նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի և Դավիթ Խաչատուրյանի թեկնածությունները:

Ազգային ժողովի արտահերթ նիստը սկսել է կեսօրին։ Միևնույն ժամանակ ընդդիմադիրները ցույց են անում՝ ընդդեմ ԱԺ արտահերթ նիստի օրակարգի։

Ըստ «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ, իրավապաշտպան Արսեն Բաբայանի` իշխանությունը փորձում է ցույց տալ, թե ՀՀ-ում չկան խնդիրներ, և հիմա հավաքվել են ու որոշել, որ պետք է դատական խորհրդի թեկնածու առաջադրեն։

«Այս իշխանությունը փորձում է ցույց տալ, թե ՀՀ-ում չկան խնդիրներ, և հիմա հավաքվել են ու որոշել, որ դատական խորհրդի թեկնածու պետք է առաջադրեն։ Այն դեպքում, երբ վերջերս ընդունեցին մի օրենք, որով նոր դատարան են ստեղծում, որն էլ ձերբակալությունների ու կալանավորումների միջնորդությունների քննությունը պետք է իրականացնի։ Մենք գիտենք, որ ունենք անկախ դատավորներ, հիմա էլ ԲԴԽ միջոցով փորձելու են այդ դատավորների նկատմամբ ճնշումներ գործադրել։ Ի վերջո, այս ամեն ինչը միտված է լռեցնելու ընդդիմությանը։ Սա չի կարելի թույլ տալ»,-հայտարարել է Բաբայանը, փոխանցում է Aysor.am-ը։

Ավելի վաղ արդարադատության նախարարությւոնը հայտարարել էր Հակակոռուպցիոն դատարանների ստեղծման մասին։ Միևնույն ժամանակ՝ ԲԴԽ անդամի իր թեկնածուներին «Իմ քայլ» ներկայացրել է վերջերս։