Արցախում նախատեսում են մեկ միասնական մարմնի՝ Ներքին գործերի նախարարության մեջ ներառել Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը և Ոստիկանությունը։
Արցախի ԱԺ-ից հայտնում են, որ օրենքում փոփոխություններ կատարելու նախագծերի փաթեթին դրական եզրակացություն է տրվել։
ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի օրակարգում էր նաև «Քաղաքացիական օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Դրանով առաջարկվում էր ռազմական գործողությունների հետևանքով անհետ կորած զինծառայողներին և այլ քաղաքացուն դատական կարգով անհայտ բացակայող ճանաչելու վերաբերյալ դիմում ներկայացնելու հնարավորություն ընձեռել զինծառայողի կամ այլ քաղաքացու գտնվելու վայրի մասին 3 ամսվա ընթացքում տեղեկություններ չլինելու դեպքում:
«Նախագծով՝ նույն պայմաններում անհետ կորածին դատարանի կողմից մահացած ճանաչելու ժամկետը 2 տարվա փոխարեն սահմանվելու է 1 տարի՝ ռազմական գործողությունների ավարտից հետո»,-հայտնում են Արցախի Ազգային ժողովից՝ հավելելով, որ գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությամբ՝ օրինագծերը կընդգրկվեն Արցախի Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանի օրակարգում:
Ավելի վաղ ՀՀ արդարադատության նախարարությունն առաջարկում էր կազմավորել ներքին գործերի նախարարություն։ Ներքին գործերի նախարարություն ստեղծելու մասին առաջակն ԱՆ-ն ներկայացրել էր 2020-ի փետրվարին։