22 հունվարի 2021 - 15:29 AMT
Իսաբեկյան․ Շուշիում թաքուն ցուցադրված «Սումգայիթ» կտավը կարելի է ենթադրել՝ ինչ հաճույքով է ոչնչացվել

Գեղարվեստի ակադեմիայի ռեկտոր, գեղանկարիչ Արամ Իսաբեկյանի «Բորենիների խրախճանք» և «Սումգայիթ» կտավները մնացել են Շուշիի թանգարանում, նկարչի խոսքով՝ կարելի է ենթադրել, թե ինչ հաճույքով են ադրբեջանցիները ոչնչացրել թանգարանի ներքևի հարկում ցուցադրված այդ կտավները։

«Երբ Շուշիում կերպարվեստի թանգարան բացվեց, որոշեցի նվիրել այս աշխատանքը նորաբաց թանգարանին, ժամանակ անց, երբ եղա Շուշիում, այցելեցի թանգարան և տեսա, որ նկարս ներքևի հարկում մի տեղ ցուցադրել են, հասկացա, որ մի բան էն չի և քանի որ մեզ հետ էր Արցախի մշակույթի նախարարը, հարցրի՝ ինչո՞ւ եք թաքուն տեղում ցուցադրել, ասաց, մի քիչ կմկմալով՝ գիտեք, մենք հաղթել ենք, պարտվողական թեմաներն այնքան էլ մեր սրտով չեն»,- գրել է Իսաբեկյանը։

Ըստ նկարչի՝ այժմ կրկին երևացել է ադրբեջանցիների «և իրենց առաջնորդի իսկական դեմքը», որն ինքն այլաբանորեն արդեն պատկերել էր։

«Այս «Սումգայիթ» կտավը, որ ձեր քիմքով չեկավ, և որը թանգարանի մնացած աշխատանքների հետ մնաց իրենց, կարելի է պատկերացնել՝ ինչ հաճույքով են ոչնչացրել: Իսկ պատմությունը կրկնվում է, մենք էլ շատ դժվար ենք դասեր քաղում: Վերջ», -գրել է նա։

Նկարչի խոսքով՝ կտավները ստեղծելիս աչքի առաջ էին ադրբեջանցիների վայրագությունները Սումգայիթում և Բաքվում, հետո նաև երիտասարդ սպա Գուրգեն Մարգարյանի գլխատումը Բուդապեշտում և «վայրենու հերոսացումը ազերի հայատյացի կողմից»: «Բորենիների խրախճանք» կտավը ստեղծվել է 1989-ին, «Սումգայիթը»՝ 2010-ին։