23 հունվարի 2021 - 16:14 AMT
ԱՄՆ պետքարտուղարի թեկնածուն վերահաստատել է Բայդենի խոստումը՝ Հայոց ցեղասպանության մասին

ԱՄՆ պետքարտուղարի թեկնածու Էնթոնի Բլինկենը վերահաստատել է նախագահ Ջո Բայդենի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևին սատարելու խոստումը, փոխանցում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը։

Բլինկենն արձագանքել է սենատոր Էդ Մարեյի գրավոր հարցերին։

«Որպես նախագահի թեկնածու՝ Բայդենը Հիշատակի օրվա իր հայտարարության մեջ խոստացավ սատարել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևին: Մեր վարչակազմը պարտավորվելու է գերակայություն տալ մարդու իրավունքներին և ապահովել, որ նման ողբերգություն չկրկնվի»,-Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին հարցին ի պատասխան ասել է Բլինկենը։

Թեկնածուի խոսքով՝ վարչակազմը, պաշտոնում հաստատվելուց հետո, կորոշի Սպիտակ տան հայտարարության ձևակերպումը՝ Հիշատակի օրը նշելու համար և կխորհրդակցի Կոնգրեսի հետ այդ կարևոր հարցի վերաբերյալ:

Սենատորը նաև հետաքրքրվել է, թե աշնանը տեղի ունեցած պատերազմից հետո ի՞նչ քայլեր է ձեռնարկելու վարչակազմը՝ Ադրբեջանի կողմից պահվող ռազմագերիների անհապաղ վերադարձը ապահովելու համար:

Բլինկենը հիշեցրել է՝ ինչպես ասել է նախագահը՝ ԱՄՆ-ն պետք է դիվանագիտական ջանքեր գործադրի հակամարտության տևական լուծում գտնելու ուղղությամբ` աշխատելով եվրոպացի գործընկերների հետ, նաև ռազմագերիների վերադարձը խթանելու համար:

«Պաշտոնում հաստատվելու դեպքում ես կխթանեմ ԱՄՆ-ի ներգրավվածությունը `գտնելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության մշտական կարգավորումը, որը կապահովի Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը և կօգնի կանխել նոր պատերազմի բռնկումը»,-ասել է նա ու հավելել, որ սա ենթադրում է Մինսկի խմբի ձևաչափով ԱՄՆ ներգրավվածության ակտիվացում և լրացուցիչ դիվանագիտական աշխատանք`երրորդ կողմերի հետագա միջամտությունը կանխելու համար:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը 2020-ի հունվարին է ստանձնել նախագահի պարտավորությունները։ ԱՄՆ-ը Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմամբ զբաղվող Մինսկի խմբի համանախագահներից է՝ ՌԴ ու Ֆրանսիայի հետ միաժամանակ։