23 հունվարի 2021 - 10:30 AMT
ԱՀԿ․ Covid-19-ի բրիտանական շտամից մահացությունը կարող է կապված լինել համակարգի ծանրաբեռնվածության հետ

Կորոնավիրուսի «բրիտանական» շտամից մահացության ավելի մեծ տոկոսը, որի մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնոսնը, կարող է կապված լինել առողջապահական համակարգի գերծանրաբեռնվածության հետ։ Այդ մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության արտակարգ հիվանդությունների ստորաբաժանման տեխնիկական խմբի ղեկավար Մարիա վան Քերկհոֆեն։

«Եթե վիրուսի փոխանցման արագությունն աճում է, վարակի դեպքերն ավելի շատ կլինեն։ Դա կարող է ակնհայտ թվալ, բայց եթե դեպքերն ավելի շատ են, աճում են նաև հոսպիտալացման թվերը․․․ Երբ կա առողջապահական համակարգի գերծանրաբեռնվածություն, մահացության ցուցանիշն աճում է, քանի որ համակարգը գերծանրաբեռնված է»,- ասել է նա, գրում է ՌԻԱ Նովոստին։

Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել էր, որ կորոնավիրուսի նոր մուտացիան 30%-ով ավելի մահաբեր է և 70%-ով ավելի վարակիչ։ Նա նաև նշել էր, որ լոքդաունից Բրիտանիայի դուրս գալու մասին դեռևս խոսք չի կարող լինել, քանի որ վարակների թիվը դեռևս շատ մեծ է, իսկ մեծ քաղաքների հիվանդանոցները դժվարությամբ են կարողանում ընդունել բոլոր հիվանդներին։

Կորոնավիրուսի նոր՝ VUI-202012/01, շտամի մասին հայտնի դարձավ հունվարի 14-ին։ Այդ մասին հայտարարեց Մեծ Բրիտանիայի առողջապահության ղեկավար Մեթ Հենքոքը։ Գիտնականները նշում են, որ նոր մուտացիան առավելապես ազդում է երեխաների վրա և ավելի ակտիվ տարածվում նրանց միջոցով։ Ըստ բրիտանացի բժիշկների, այժմ վիրուսի այդ շտամն է դարձել «հիմնականը» բնակչության շրջանում։

Photo. Ria Novosti