Վրաստանը ՌԴ հետ կապող մայրուղում Քվեշեթի-Կոբի շրջանցիկ ճանապարհի կառուցումը ձնահյուսերի մշտական վտանգի տակ գտնվող հատվածում շահավետ է և վրացական կողմին և հայ բեռնափոխադրողներին: Դա թույլ կտա խուսափել կուտակումներինց Վերին Լարսի անցակետում, ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտի հանրային կապերի և տեղեկատվության մասնագետ Լիլիթ Գրիգորյանը, գրում է Sputnik Արմենիան։
Ճանապարհի կառուցումը մեկնարկելու է 2021-ին։ Նախագիծը կոչված է վերացնելու Վերին Լարսի անցակետում պարբերաբար առաջացող խնդիրները և ապահովելու անխափան տրանսպորտային հաղորդակցությունն այդ ուղղությամբ։
Նա նշել է, որ ՀՀ-ն ողջունում է ցանկացած ենթակառուցվածքային ծրագիր, որը կարող է նպաստել բեռնափոխադրումների դյուրացմանը։
«Քվեշեթի-Կոբի ճանապարհի վերակառուցումն ու նոր թունելի կառուցումն ավելի անվտանգ կդարձնեն և կդյուրացնեն բեռնափոխադրումները ՀՀ-ից Ռուսաստան և հակառակ ուղղությամբ»,-ասել է Գրիգորյանը։
Նա հավելել է՝ Հայաստանում հուսով են, որ ճանապարհն անխափան կգործի տարվա բոլոր եղանակներին։
Նախագծի կարևորությունն ինչպես Վրաստանի, այնպես էլ ՀՀ համար ընդգծել է նաև Վրաստանի Միջազգային բեռնափոխադրողների ասոցիացիայի գլխավոր քարտուղար Գիա Ցիպուրիան։
«Նախագիծը 2 լոտի է բաժանված, ճանապարհն ասֆալտբետոնե կլինի»,- ասել է նա՝ հավելելով, որ նոր ճանապարհը թույլ կտա ուղին կրճատել 12 կմ-ով, ինչը թույլ կտա 2 անգամ կրճատել ճանապարհի տևողությունը։
Բացի այդ անվտանգ ուղևորություն կապահովիի բեռանփոխադրողների համար։
Նա հիշեցրել է, որ տարեկան ՀՀ-ից Վերին Լարսի անցակետով և հակառակ ուղղությամբ առնվազն 10,000 բեռնափոխադրում է իրականացվում, իսկ 2021-ին ցորենի առաքումների հաշվին կարղ է հասնել 15,000-ի։
Վրաստանը ՌԴ հետ կապող մայրուղում Քվեշեթի-Կոբի շրջանցիկ ճանապարհի կառուցման նախագծով նախատեսվում է 22․7 կմ ճանապարհի շինարարություն, 6 կամուրջ և 5 թունել, որից մեկի երկարությունը կլինի 9 կմ։ Դա կլինի ամենաերկար թունելնեից և ամենաբարդ ինժեներական կառույցներից մեկը Եվրոպայում։