23 հունվարի 2021 - 14:06 AMT
Նախագիծ․ ԱԺ նախագահը պատգամավորին 1 տարով կարող է զրկել գործուղումներից

ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ, որով առաջարկում է փոփոխություններ կատարել «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում: Ըստ նախագծի՝ ԱԺ նախագահը, Էթիկայի հանձնաժողովի եզրակացության հիման վրա, պատգամավորին կարող է զրկել «Աժ-ի կողմից գործուղման մեկնելու հնարավորությունից՝ մինչև 1 տարով»:

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխությունների և լրացումների արդյունքում Էթիկայի հանձնաժողով կձևավորվի յուրաքանչյուր հերթական նստաշրջանի առաջին հերթական նիստում, գրում է «Ժողովուրդը»։

ԱԺ նախագահն Էթիկայի հանձնաժողովի եզրակացության հիման վրա կարող է կիրառել նաև այլ կարգապահական միջոցներ՝ նկատողություն, նիստերին խոսափողից հանդես գալու կամ դահլիճում ներկա լինելու իրավունքից մինչև 7 օրով զրկում։ Ըստ լրացումների՝ Էթիկայի հանձնաժողովը կարող է ոչ միայն որևէ դիմումի, այլև «սեփական նախաձեռնությամբ» քննության առնել պատգամավորների վարքը:

7-րդ գումարման Ազգային ժողովում դեռևս էթիկայի հանձնաժողով չի ձևավորվել: Գործող կարգավորումներով հանձնաժողովի եզրակացությունը որևէ կարգապահական միջոցի կիրառման չի հանգեցնում: Այն անգամ Ազգային ժողովի նիստում չի հրապարակվում և ընդամենը տեղադրվում է ԱԺ պաշտոնական կայքում: