26 հունվարի 2021 - 12:31 AMT
30 տ հումանիտար օգնություն Գերմանիայից՝ Արցախին

Գերմանիայի պաշտպանության նախարարության հատուկ չվերթով հունվարի 25-ին Երևան է ժամանել մոտ 30 տոննա հումանիտար օգնություն, հայտնում են Արտաքին գործերի նախարարությունից:

Հումանիտար օգնությունը ներառում է հիմնականում դեղամիջոցներ, բժշկական սարքավորումներ, ինչպես նաև սոցիալական ոլորտի համար անհրաժեշտ տարբեր իրեր։ Ինքնաթիռով Երևան է տեղափոխվել նաև երկու միկրոավտոբուս` համապատասխան հենաշարժային սարքավորումներով` Ստեփանակերտի վերականգնողական կենտրոնի համար։

Հումանիտար աջակցությունը կազմակերպվել է Գերմանիայում ՀՀ դեսպանության, Հայ Առաքելական եկեղեցու Գերմանահայոց թեմի առաջնորդարանի և «Սիլվա Կապուտիկյան» գերմանահայ կանանց միության սերտ գործակցությամբ։

2020-ի նոյեմբերի սկզբին Գերմանիայում Հայաստանի դեսպանության, Հայ Առաքելական եկեղեցու Գերմանահայոց թեմի առաջնորդարանի և ԳԴՀ կառավարության համատեղ ջանքերով, մոտ մեկ տոննա մարդասիրական օգնություն, հիմնականում` դեղամիջոցներ և բժշկական սարքավորումներ էին ուղարկվել Հայաստան։

Նախարարությունից հիշեցրել են, որ աջակցության ծրագրերի նպատակով դաշնային կառավարությունն արդեն 2մլն եվրո է տրամադրել ԿԽՄԿ-ին: Գերմանական Կարմիր Խաչը Հայաստանի Կարմիր Խաչին տրամադրել է 200,000 եվրո, ինչպես նաև դաշնային կառավարությունը 300,000 եվրո աջակցություն է տրամադրել GIZ-ի երևանյան գրասենյակի միջոցով: