29 հունվարի 2021 - 18:09 AMT
Բալայան․ Ադրբեջանում դեռ 120-ից ավելի հայ ռազմագերի կա

Ադրբեջանում դեռ 120-ից ավելի հայ ռազմագերի կա, իսկ ադրբեջանցիները մինչ այժմ կատարում են ռազմական ծանր հանցագործություններ, Weekblad Elsevier-ին տված հարցարույցում հայտարարել է Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը։

«Գերիներից մեկը պատմել է, որ իրեն ծեծի են ենթարկել՝ պարտադրելով «խոստովանել», որ, մասնակցելով 1990-ականների առաջին ղարաբաղյան պատերազմին՝ ադրբեջանցիների է սպանել: Այդ ժամանակ նա ծնված չէր»,- ասել է նա։

Դեսպանը նշել է նաև` կան բազմաթիվ ապացույցներ, որ ադրբեջանցի զինվորականները գլխատել են հայերի և անձամբ այդ տեսանյութերն ու լուսանկարները տեղադրել սոցիալական ցանցերում՝ «փորձելով որպես գերակայող ուժ ներկայանալ»:

Բալայանը խոսել է ոչ միայն ռազմագերիների խոշտանգման, այլև եկեղեցիների ու գերեզմանատների պղծման, պատերազմում ադրբեջանական կողմին Թուրքիայի աջակցության մասին։

«Թուրքիայի կառավարությունը ջիհադիստներին Սիրիայից ուղարկեց կռվելու Հայաստանի դեմ, նրանք Սիրիայի սահմանակից շրջաններից օդանավերով տեղափոխվել են Ստամբուլ և Անկարա, որտեղից էլ ուղարկվել են Բաքու։ Նրանց քանակը 2000-ից ավելին էր, որոնցից երկու հարյուրը սպանվեցին: Էրդողանը բացահայտ հայտարարեց. «Մենք պատրաստվում ենք ավարտել այն, ինչ սկսել են մեր նախնիները»: Եվրոպան աչքերը փակում է կատարվողի վրա»,-նշել է դեսպանը։

Ըստ Բալայանի՝ անհրաժեշտ է պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի և Թուրքիայի հրամանատարության, ինչպես նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և նրա կնոջ դեմ։

«Արտաքին գործերի նախարար Ստեֆ Բլոկն ասում է, որ ենթադրյալ ռազմական հանցագործությունները պետք է հետաքննվեն: Արդյո՞ք պետք է քննել, թե հայը, որին գլխատել են, իրոք մահացել է: Ինչո՞ւ Նիդերլանդները առաջատար դեր չի ստանձնում: Չէ՞ որ Նիդերլանդները աշխարհում մարդու իրավունքների պաշտպանության չեմպիոնն է»,-եզրափակել է Բալայանը։

Հունվարի 28-ին գերեվարված ևս 5 հայ զինծառայող է վերադարձել ՀՀ, մյուսները զանգել են հարազատներին։ Հայ ռազմագերիների կնոկրետ թվի մասին Ադրբեջանը որևէ տեղեկություն չի տվել։ Հայտնի է, որ 62 շիրակցի կամավորական է գերեվարվել (հենց նրանցից 5-ն են վերադարձել), որոնց ադրբեջանական կողմը ռազմագերի չի համարում։ Նրանց դատելու մասին հայտարարություն է հնչեցվել։ ԵՄ-ն հունվարի 29-ին կոչ էր արել Ադրբեջանին անհապաղ վերադարձնել 57 հայ ռազմագերուն։