4 մարտի 2009 - 10:42 AMT
Ռուսաստանում հայ ուսանողին սպանողին դատապարտել են 11 տարի ազատազրկման
Նովոսիբիրսկի շրջանային դատարանը մարտի 2-ին դատավճիռ է կայացրել ծագումով հայ 22-ամյա ուսանող Էդիկ Ադամյանի սպանության մեջ մեղադրվող Ալեքսեյ Կրապիվինի գործի վերաբերյալ:

Ինչպես հայտարարել է Նովոսիբիրսկի մարզի դատական դեպարտամենտի վարչության մամլո քարտուղար Մարիաննա Գլուշկովան, դատարանն Ալեքսեյ Կրապիվինին մեղավոր է ճանաչել սպանության մեջ եւ դատապարտել է խիստ ռեժիմի գաղութում 11 տարի ազատազրկման: Մարիաննա Գլուշկովայի խոսքերով, դատավճիռն ուժի մեջ կմտնի հրապարակումից 10 օր հետո, այդ ժամանակահատվածում այն կարող է բողոքարկվել, հաղորդում է Նովոսիբիրսկի քաղաքապետարանի մամլո ծառայությունը:

Հետաքննության տվյալներով, 2008 թվականի լույս 29-ի գիշերն ուշ տուն վերադարձող 42-ամյա Ալեքսեյ Կրապիվինը վիճել է մի խումբ հայաստանցիների հետ: Կրապիվինի խոսքերով, երիտասարդները նրան ծեծի էին ենթարկել: Մեղադրյալը գնացել էր տուն, վերադարձել «Սայգա» տիպի կարաբինով եւ մահացու վիրավորել 22-ամյա Էդիկ Ադամյանին: