4 մարտի 2009 - 13:01 AMT
Երկրի խոշորագույն ներմուծողները շփոթված են
Հայաստանի խոշորագույն ներմուծողների թվին պատկանող «Մանան Գրեյն» ընկերությունը արտարժույթի փոխարժեքի կայունացման ակնկալիք ունի: «Մանան Գրեյնը» հայկական ցորենի ու ալյուրի շուկայում իշխող դիրք զբաղեցնող երկու ընկերություններից մեկն է:

Ինչպես մարտի 4-ին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտարարել «Մանան Գրեյն» ընկերության փոխտնօրեն Արմեն Մանուկյանը, ընկերության ղեկավարությունը շփոթված է, սակայն «ակնկալիքները դրական չեն»: Նրա խոսքերով, ՀՀ Կենտրոնական բանկի նոր քաղաքականությունը բացասաբար կանդրադառնա ընկերության գործունեության վրա, քանի որ «Մանան Գրեյնը» արտարժույթով է ներկրում իր ապրանքը, մասնավորապես, Ռուսաստանից: «Առնվազն մի քանի օր է հարկավոր, վերլուծելու համար ստեղծված իրավիճակը: Մենք ակնկալում ենք արտարժույթի փոխարժեքի կայունացում»,-ասել է նա:

Հիշեցնենք, որ 2008 թվականի տվյալների հիման վրա Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը ցորենի ու ալյուրի շուկայում իշխող է ճանաչել «Սալեքս Գրուպ»ընկերությանը, որը պատկանում է գործարար ու ձեռներեց Սամվել Ալեքսանյանին, որը սպասարկում է շուկայի 42,5 տոկոսը, եւ «Մանան Գրեյն» ընկերությանը` 36,77 տոկոսով: «Սալեքս Գրուպն» ու «Մանան Գրեյնը» ապահովում են Հայաստանի ներքին շուկայի շուրջ 80 տոկոսը: