2 փետրվարի 2021 - 11:41 AMT
ՀՀ-ն միջպետական գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ՝ ընդդեմ Ադրբեջանի

ՀՀ կառավարությունը փետրվարի 1-ին միջպետական գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ (Մարդու իրավունքների եվրոպական դատարան) ընդդեմ Ադրբեջանի` պատերազմի ընթացքում և դրան հաջորդող ժամանակահատվածում կոնվենցիոն խախտումների մասով, տեղեկացնում է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակը։

Նշվում է՝ մասնավորապես, ՀՀ կառավարությունը պնդում է, որ Ադրբեջանը խախտել է Արցախի և ՀՀ-ի բնակչության կյանքի, խոշտանգումներից և անմարդկային վերաբերմունքից զերծ մնալու, անձեռնմխելիության, սեփականության, անձնական և ընտանեկան կյանքի, կրթության և մի շարք այլ իրավունքները:

Կառավարության կողմից գանգատին կից ներկայացվել են բազմաթիվ և ծավալուն ապացույցներ: Գանգատում, ի թիվս բազմաթիվ այլի, բարձրացված է նաև ռազմագերիների և քաղաքացիական անձանց, Արցախի տեղահանված բնակչության, զոհված և վիրավորված քաղաքացիական անձանց, նրանց հարազատների, սեփականությունը կորցրածների, տեղական և միջազգային ԶԼՄ-ների ներկայացուցիչների իրավունքների պաշտպանության մի շարք հարցեր։

Այս միջպետական գանգատը պետության անունից ընդդեմ Ադրբեջանի տարվող իրավական գործընթացի կարևորագույն քայլ է: Սա Եվրոպական դատարան ՀՀ-ի կողմից ներկայացվող առաջին միջպետական գանգատն է:

Առաջիկայում Եվրոպական դատարան են ուղարկվելու արդեն իսկ ներկայացված պահանջները հիմնավորող լրացուցիչ մեծածավալ ապացույցներ:

Հունվարի 28-ին գերեվարված ևս 5 հայ զինծառայող է վերադարձել ՀՀ, մյուսները զանգել են հարազատներին։ Հայ ռազմագերիների կոնկրետ թվի մասին Ադրբեջանը որևէ տեղեկություն չի տվել։ Հայտնի է, որ 62 շիրակցի կամավորական է գերեվարվել, որոնց ադրբեջանական կողմը ռազմագերի չի համարում։ Նրանց դատելու մասին հայտարարություն է հնչեցվել։