3 փետրվարի 2021 - 16:44 AMT
Ֆրանսիայում տարեցներին չեն պատվաստի AstraZeneca պատվաստանյութով

Ֆրանսիան հավանություն է տվել կորոնավիրուսի դեմ շվեդ-անգլիկան AstraZeneca ընկերության արտադրության պատվաստանյութի կիրառմանը, սակայն 65-ն անց պացիենտներին դրանով չեն պատվաստի։ Այդ մասին հայտարարել է Առողջապահության գերագույն խորհրդի ղեկավար Դոմինիկ դե Գյուլուդեկը։

Նա պարզաբանել է, որ 65-ն անց անձանց մոտ տվյալ պատվաստանյութի կլինիկական փորձարկումների մասին տվյալներ բավարար ծավալով դեռ չկան։ Դե Գյուլուդեկը հավելել է, որ այդ տվյալները կստացվեն մի քանի շաբաթից և, հնարավոր է, տարեցներին չպատվաստելու որոշումը վերանայվի, գրում է RFI-ը։

Հունվարի 29-ին AstraZeneca-ի պատվաստանյութը կիրառման թույլտվություն է ստացել Եվրամիության երկրներում։

Դե Գյուլուդեկը հիշեցրել է, որ ԵՄ-ում մյուս գրանցված Pfizer/BioNTech և Moderna պատվաստանյութերի համեմատ AstraZeneca/Oxford-ն առավելություն ունի տեղափոխման և պահպանման տեսակետից։ Այն կարելի է պահել սովորական սառնարանում, իսկ պատվաստումը համեմատելի է սովորական գրիպից պատվաստման հետ։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Հայաստանը ևս ձեռք է բերել AstraZeneca շվեդա-անգլիկան ընկերության արտադրության կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը։ Պատվաստվելու է բնակչության 3%-ը։ Նախատեսվում է, որ առաջին փուլում կպատվաստվեն ծերանոցների աշխատակիցներն ու բնակիչները, բուժաշխատողները, սոցիալական կենտրոնների աշխատակիցները, 65-ից բարձր անձինք, քրոնիկական հիվանդություններով 16-64 տարեկան անձինք։