3 փետրվարի 2021 - 18:02 AMT
Pfizer-ը մտադիր է 2021-ին մոտ $15 մլրդ եկամուտ ստանալ Covid-19-ի դեմ պատվաստանյութից

Ամերիկյան Pfizer ընկերությունը մտադիր է 2021-ին մոտ $15 մլրդ եկամուտ ստանալ Covid-19-ի դեմ պատվաստանյութի վաճառքից, որը մշակվել է գերմանական BioNTech-ի հետ համատեղ, գրում է «Վեդոմոստին» Bloomberg-ին հղումով։

Ընդհանուր առմամբ, ընկերությունը 2021թ․ ավարտին մտադիր է $59․4-$61․4 մլրդ վաստակել։

Pfizer-ի և BioNTech-ի պատվաստանյութն առաջինն էր կորոնավիրուսի դեմ արևմտյան պատվաստանյութերից, սակայն շուտով մրցակցություն կկազմի նաև մյուս ընկերությունների արտադրանքը, այդ թվում՝ Johnson & Johnson և Novavax Inc.-ը, որ կարող են գրանցվել կիրառման համար։ Իսկ կորոնավիրուսի նոր շտամերը կարող են նոր պատվաստանյութերի կարիք առաջացնել։

Ըստ պարբերականի` Pfizer-ի և BioNTech-ի պատվաստանյութը մրցակիցներից ավելի թանկ է։ Ըստ ԱՄՆ հետ պայմանագրի` պատվաստանյութն առաքվում է $19.5 գնով երկբաղադրիչ պատվաստանյութի համար։ AstraZeneca-ի պատվաստանյութն ավելի էժան է՝ մոտ $4` մեկ դեղաչափի դիմաց, իսկ J&J-ը՝ մոտ $10։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Հայաստանը ևս ձեռք է բերել AstraZeneca շվեդ-անգլիական ընկերության արտադրության կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը։ Պատվաստվելու է բնակչության 3%-ը։ Նախատեսվում է, որ առաջին փուլում կպատվաստվեն ծերանոցների աշխատակիցներն ու բնակիչները, բուժաշխատողները, սոցիալական կենտրոնների աշխատակիցները, 65-ից բարձր անձինք, քրոնիկական հիվանդություններով 16-64 տարեկան անձինք։