4 փետրվարի 2021 - 13:02 AMT
Փաշինյան․ Ամուլսարի հարցում պետք է լուծումներ գտնենք

Պետք է քայլեր ձեռնարկել, որպեսզի հանքարդյունաբերության ոլորտում ներդրումային ծրագրերն առավել կառավարելի ու ընդունելի դառնան հանրության համար։ Այս մասին է հայտարարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ընթացքում։

«Հույս ունեմ՝ կհաջողվի այդ որոշումները կայացնել, այդ թվում, Ամուլսարի ներդրումային ծրագրի շրջանակում։ Պետք է այս թեման քննարկվի՝ հաշվի առնելով Հայաստանի հավասարակշռված շահերը, պետք է գտնենք լուծումներ», - նշել է նա։

«Ուզենք թե չուզենք՝ հանքարդյունաբերությունը շատ էական դեր է խաղում ՀՀ տնտեսության համար, այդ թվում՝ անվտանգային համատեքստում», - ընդգծել է վարչապետը։

Ամուլսարի հանքի գործարկման աշխատանքներն ընդհատվել են 2018-ին ՀՀ-ում տեղի ունեցած հեղափոխությունից հետո։ Լարվածությունը հանքի շուրջ ու այն գործարկելու փորձերը չեն դադարել դրանից ի վեր։ Արցախյան 2-րդ պատերազմից հետո էկոնոմիկայի նախարար նշանակված Վահան Քերոբյանը հայտարարել էր, որ այն կարող է դառնալ Հայաստանի թիվ 1 հարկատուն։