Հայաստանի կառավարությունը հաջողությամբ իրականացրել է եվրոբոնդերի թողարկում և $750 մլն-ի պարտատոմս թողարկել, կառավարության նիստին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նշել է, որ այդ թողարկումը տեղի է ունեցել հանրապետության պատմության ամենանպաստավոր պայմաններով՝ ամենացածր 3.8%-ով։
«Եվ սա, իհարկե, շատ կարևոր ազդակ է մեր տնտեսության համար: Առաջինը՝ սրանով մակրոտնտեսական կայունության երաշխիք է ձևավորվել: Երկրորդը՝ ըստ էության, կարող ենք ասել, որ հետպատերազմյան տնտեսական շոկի հաղթահարման առաջին լրջագույն ազդակն է, ինչը նաև վկայում է, որ միջազգային ներդրողները վստահություն են տածում Հայաստանի տնտեսական ապագայի և կառավարության կողմից վարվող քաղաքականության նկատմամբ»,-ասել է նա։
Վարչապետի խոսքով՝ թողարկումն ամենևին էլ «արտահերթ, արտառոց կամ արտակարգ երևույթ չէ», որովհետև նախատեսված է 2021 թվականի պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման գործիքակազմում:
Փաշինյանը հիշեցրել է, որ 2019 թվականի թողարկումը 4.2 տոկոսով էր եղել: