ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը, ընդունելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի վերահսկման նպատակով տեղակայված ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին, շնորհակալություն է հայտնել նրան գերիների փոխանակման գործընթացում ակտիվ դերակատարման համար։
Հարությունյանը շնորհակալություն է հայտնել նաև անհետ կորածների որոնողական աշխատանքներին աջակցելու համար և գոհունակությամբ նշել ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեության արդյունավետությունը։
Հանդիպման ընթացքում պաշտպանական գերատեսչության ղեկավարն անդրադարձել է փոխգործակցության մի շարք խնդիրների և այդ առնչությամբ ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատարին ներկայացրել իր դիտարկումները։
Վաղարշակ Հարությունյանն ընդգծել է ձեռք բերված պայմանավորվածությունների պահպանման համար իրականացվող քայլերի շարունակականության անհրաժեշտությունը։
Փետրվարի 9-ին ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի անմիջական հսկողությամբ Ադրբեջանից ՀՀ է տեղափոխվել 5 գերի։ ՀՀ-ն Բաքվին է վերադարձրել գերեվարված 1 անձի։