11 փետրվարի 2021 - 14:28 AMT
Armenia Wine-ը 40 մլն դոլարի ներդրում կանի Երևանում․ Խոստացել է 5000 աշխատատեղ բացել

Կառավարությունը Երևանում տարածք է տրամադրել «Արմենիա Վայն» (Armenia Wine) ՍՊԸ-ին ներդրումային ծրագրի համար։Ընկերությունը մտադիր է 5000 աշխատատեղ ստեղծել։

Ներդրումային ծրագիրը կիրականացվի Իսակովի 11/1 հասցեում՝ կառուցվելու է «Դիջիթաուն» բարձրահարկ նորարարական տեխնոլոգիաների կենտրոն, որի համար կներդրվի 40 մլն դոլար։ Այդ մասին կառավարության նիստում տեղեկացրել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։

Ընկերությունը խնդրել է նաև օտարել հարևանությամբ գտնվող Իսակով պողոտայի 13 հասցեից Երևանի համար 13 երաժշտական հատուկ դպրոցի 9053 քմ մակերեսով հողատարածքը և կիսաքանդ կաթսայատունը։ ՍՊԸ-ն գույքը ձեռք բերելու դեպքում կիրականացնի 1 մլրդ դրամի ներդրում։նշված գույքի օտարման դեպքում ընկերությունը երաժշտական դպրոցի սաներին անհատույց հիմունքներով կթույլատրի օգտվել վերջինիս պատկանող մարզադաշտից։

«Արմենիա Վայն» ընկերությունը խոշոր գինեգործական ընկերություն է: Այն զբաղվում է ինչպես խաղողագործությամբ, գինեգործությամբ և կոնյակագործությամբ, այնպես էլ շամպայնի և օղու արտադրությամբ: