Հայաստանի արտաքին գործերի նախարար Արա Այվազյանն իր ֆրանսիացի պաշտոնակից Ժան-Իվ Լը Դրիանի հետ հեռախոսազրույցում անդրադարձել է հումանիտար հրատապ լուծում պահանջող հարցերի՝ կարևորելով հայ գերիների և պատանդի կարգավիճակում գտնվող քաղաքացիական անձանց հայրենադարձման հարցը։
Նախարարն ընդգծել է Ադրբեջանի կողմից այդ գործընթացում խոչընդոտներ ստեղծելու անթույլատրելիությունը։
Նախարարները քննարկել են տարածաշրջանային կայունությանը և անվտանգությանն առնչվող հարցեր, անդրադարձել Արցախում հումանիտար իրադրության և արցախահայության առջև ծառացած մարտահրավերների հասցեագրման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին։
ԱԳ նախարարները շեշտել են ԼՂ խաղաղ կարգավորման գործընթացի հասցեագրումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի շրջանակում և մտքեր փոխանակել համանախագահների գործունեության առաջիկա ժամանակացույցի շուրջ։
Հայաստանի և Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են նաև երկկողմ օրակարգի հարցեր։ ԱԳ նախարարներ Այվազյանը և Լը Դրիանը կարևորել են տարբեր մակարդակներով փոխշփումների և խորհրդակցությունների շարունակականությունը: