17 փետրվարի 2021 - 10:44 AMT
ԱԳ նախարարը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ զրույցում ընդգծել է գերիների վերադարձի հարցը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ տեսակոնֆերանսի ընթացքում արտաքին գործերի նախարար Արա Այվազյանն առանձնահատուկ ընդգծել է ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց անհապաղ վերադարձի անհրաժեշտությունը՝ շեշտելով այդ հարցում Ադրբեջանի ապակառուցողական գործելաոճի անընդունելիությունը:

Փետրվարի 16-ին ԱԳ նախարարը տեսակապով զրուցել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ։

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով նախարարն ընդգծել է, որ հակամարտության հիմքում ընկած է Արցախի ժողովրդի ինքնորոշման և անվտանգության իրավունքը, իսկ ուժի կիրառման հետևանքները չեն կարող դիտարկվել որպես հակամարտության հանգուցալուծում:

Այվազյանը վերահաստատել է հայկական կողմի հանձնառությունը՝ շարունակելու խաղաղ կարգավորման ուղղությամբ ջանքերը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությամբ՝ որպես ԼՂ հակամարտության կարգավորման միջազգայնին մանդատ ունեցող միակ ձևաչափ:

Հայկական կողմը 44-օրյա պատերազմից հետո գերիներ ունի Ադրբեջանում, որոնց թվի մասին հստակ տվյալներ չկան։ Հայտնի չէ նաև անհետ կորածների թիվը։