5 մարտի 2009 - 17:59 AMT
Հայ հեծանվորդները կմասնակցեն «Տաստան Տուր» միջազգային առաջնությանը
Հայ հեծանվորդները կմասնակցեն «Տաստան Տուր» միջազգային առաջնությանը, որը կանցկացվի ապրիլի 4-11 Իրանում: Առաջնությանը Հայաստանը կներկայացնեն 6 հեծանվորդներ` Սերգեյ Սարկիսովը, Էդգար Գեւորգյանը, Գեւորգ Առաքելյանը, Արամ Մելիքյանը, Սուրեն Պետրոսյանը եւ Արման Խառատյանը: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Հայաստանի Հեծանվային սպորտի ֆեդերացիայի նախագահ Կարեն Գրիգորյանը:

«Մենք Իրան կմեկնենք ապրիլի 2-ին: Այդ առաջնությունը մեզ համար կարեւոր դեր ունի: Տարվա ընթացքում մենք ծրագրում ենք մասնակցել 7-8 միջազգային առաջնությունների, քանի որ մեզ հենց միջազգային մրցույթների փորձ է անհրաժեշտ: Ճիշտ է, Հայաստանում հաճախ են մրցույթներ անցկացվում, բայց դա բավական չէ, որպեսզի արժանապատվությամբ ներկայացնենք մեր երկիրը միջազգային հրապարակում: Հուլիսին մենք կմասնակցենք Իտալիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը, իսկ սեպտեմբերին` աշխարհի առաջնությանը, որը կկայանա Մոսկվայում: Դրա համար մենք զօրուգիշեր մարզվում ենք»,- նշել է Գրիգորյանը:

Կարեն Գրիգորյանը նաեւ նշել է, որ Հայաստանում հեծանվային սպորտի սեզոնը կբացվի Երեւան-Էջմիածին մայրուղու անցումով:

«Մարտին ծրագրվում է հեծանվային սպորտի սեզոնի բացումը: Ճշգրիտ ամսաթիվը դեռեւս չի որոշվել եղանակային պայմանների պատճառով, բայց ենթադրում եմ, որ բացումը կկայանա մարտի 14-17 միջակայքում եւ կնշանավորվի Երեւան-Էջմիածին եռօրյա մրցությամբ: Առաջին օրը ծրագրվում են անհատական մրցություններ, իսկ երկրորդ եւ երրորդ օրերը` խմբային մրցություններ 80-120 կմ հեռավորության վրա` կախված հեծանվորդների տարիքային կարգից»,- ասել է Գրիգորյանը: