19 փետրվարի 2021 - 10:47 AMT
ՄԻՊ․ Ադրբեջանցիների ցանկացած կրակոց պետք է որպես գյուղի ուղղությամբ արձակված դիտվի և կանոնավոր

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբության իր էջում հայտարարել է, որ Սյունիքի հարևանությամբ ադրբեջանական զինվորականների ցանկացած կրակոց պետք է դիտվի՝ որպես գյուղի ուղղությամբ արձակված ու կանոնավոր (պարբերական լինելու իմաստով) կրակոց:

Անդրադառնալով հրապարակումներին, թե Սյունիքի սահմանային գյուղերի հարևանությամբ ադրբեջանական զինվորականների կրակոցներն անկանոն են կամ նրանք պարզապես օդ են կրակում, ՄԻՊ-ը նշել է, որ տպավորություն կարող է ստեղծվել, թե այսկերպ մեղմվում է կրակոցների վտանգը:

«1․ Իսկ ինչպե՞ս պետք է որոշվի՝ որոնք են ադրբեջանական անկանոն կրակոցները և ինչո՞վ են դրանք տարբերվում կանոնավոր կրակոցներից: Ասենք, 10 րոպեում 5 կրակոցն է կանոնավոր, թե 10 կրակոցը 5 րոպեում:

2. Կամ ո՞նց է գյուղացին որոշելու, թե ադրբեջանական զինված ծառայողը որ կրակոցն է օդ արձակում և որը գյուղի ուղղությամբ. եթե գյուղացին ենթադրի, որ կրակոցն օդ էր արված, ուրեմն ինչ է՝ ինքն արդեն կարող է հանգի՞ստ լինել: Իսկ ի՞նչ կապ ունի՝ կրակոցն օդ էր արված, թե գյուղի ուղղությամբ:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի նշաձողը հստակ է՝ անգամ մեկ կրակոցն է խաթարում գյուղացու անդորրն ու խաղաղ կյանքը, վտանգում գյուղացու ու նրա երեխայի կյանքն ու առողջությունը, զրկում գյուղացուն իրեն պատկանող հողամասը մշակելու ու այլ սեփականությունից օգտվելու հնարավորությունից: Կանխավարկածն էլ այն է, որ ադրբեջանական զինվորականների ցանկացած կրակոց պետք է դիտվի՝ որպես գյուղի ուղղությամբ արձակված ու կանոնավոր (պարբերական լինելու իմաստով) կրակոց»,- ասվում է գրառման մեջ։

Նշվում է նաև, որ արդեն հաստատված փաստ է, որ փոքր ու խոշոր տրամաչափի զինատեսակներից ադրբեջանական կրակոցները հայաստանյան գյուղերի անմիջական հարևանությամբ պարբերական են, արվում են նույնիսկ 1 կմ-ից էլ քիչ հեռավորությունից՝ թե՛ դեպի օդ, թե՛ հենց գյուղերի ուղղությամբ: Ադրբեջանական զինծառայողներն էլ են հստակ գիտակցում, որ իրենց կրակոցները պարզ լսվում են գյուղերում, անհանգստություն են պատճառում խաղաղ բնակիչներին ու առաջին հերթին՝ երեխաներին, խաթարում են նրանց անդորրն ու խաղաղ կյանքը:

«Հետևաբար, ադրբեջանական զինված ծառայողների առկայությունն առհասարակ Սյունիքի մարզի գյուղերի անմիջական հարևանությամբ կամ մարզի համայնքներն իրար միավորող ճանապարհներին, նրանց ցանկացած տեղաշարժ այդ ճանապարհներով ոտնահարում է Սյունիքի խաղաղ բնակիչների Սահմանադրությամբ և միջազգայնորեն երաշխավորված իրավունքները, սպառնալիք է նրանց անդորրի ու խաղաղության համար»,-ասվում է ՄԻՊ հայտարարության մեջ։

Թաթոյանը փետրվարի 16-ին այցելել է Սյունիքի Կապան քաղաք, Ներքին Հանդ, Շիկահող, Սրաշեն գյուղեր, հանդիպել բնակիչներին ու տեղեկացել նրանց կյանքի, սեփականության ու կենսական կարևորության այլ իրավունքների վտանգների կամ խախտումների մասին: ՄԻՊ-ին ուղեկցել է Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը։ Այցի ընթացքում Շիկահող, Սրաշեն ու Ներքին Հանդ գյուղերի բնակիչները խոսել են ցերեկային ժամերին հնչած կրակոցներից։

Ավելի վաղ ՄԻՊ-ը տեսնյութ էր հրապարակել Սյունիքի բնակավայրերից, որտեղ հնչում էին կրակոցներ։ 44-օրյա պատերազմի ավարտից հետո Սյունիքը դարձել է սահմանամերձ, մարզի որոշ գյուղերից արոտավայրեր, հողակտորներ ու նաև տներ են մնացել ադրբեջանական կողմին։ Սահմանազատման աշխատանքները մարզում կատարվել են GPS-ով ու ըստ ԽՍՀՄ քարտեզի։