IDEX-2021 միջազգային ռազմարդյունաբերական ցուցահանդեսի շրջանակում փետրվարի 21-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն Արաբական Միացյալ Էմիրություններում պաշտպանության պետնախարար Մուհամմադ բին Ահմադ ալ-Բովարդի հետ քննարկել է ԱՄԷ-ի և ՀՀ-ի հնարավոր գործակցությունը։
Անդրադարձ է եղել նաև նախորդիվ կայացած հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին և դրանց ընթացքին՝ ինչ զարգացումներ կան, ինչ ազդեցություն է ունեցել այդ զարգացումների վրա համավարակը:
Նախարարները խոսել են նաև IDEX-ի կազմակերպման կարևորության մասին՝ չնայած աշխարհի առջև ծառացած մարտահրավերներին: Ցուցահանդեսը յուրատեսակ հարթակ է, որը միտված է ազգային պաշտպանական արդյունաբերության զարգացման միջոցով ազգային տնտեսության հիմնասյուններին աջակցելուն:
Արշակյանը նախարարին հրավիրել է մասնակցելուArmHiTec2021 ցուցահանդեսին: ԱՄԷ նախարարը շնորհակալություն է հայտնել հրավերի համար և նշել, որ անհամբերությամբ սպասում է Հայաստան այցին և կդիտարկի ցուցահանդեսին մասնակցելու հնարավորությունը:
Նրանք մտքեր են փոխանակել ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող տարբեր հարցերի շուրջ, տեղեկացնում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը։
Հանդիպման ավարտին գործընկերները քննարկել են երկու գերատեսչությունների միջև սերտ համագործակցություն ձևավորելու հնարավորությունները: