22 փետրվարի 2021 - 12:03 AMT
Նախարար․ ՀՀ-ում ՌԴ ռազմակայանի մի մասը կարող է տեղակայվել արևելքում

Հայաստանի պաշտպանութան նախարար Վաղարշակ Հարությունյանը հայտարարել է, որ հայկական կողմը շահագրգռված է Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանի ընդլայնման հարցում և որ ռազմակայանի մի մասը կարող է տեղակայվել երկրի արևելքում։

«Այդ համատեքստում համապատասխան համատեղ աշխատանք է տարվում»,- ասել է նա, գրում է ՌԻԱ Նովոստին։

Բացի այդ, ըստ նախարարի՝ ռուս սահմանապահներին լրացուցիչ գործառույթներ են վերապահվել՝ ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանների պաշտպանության ապահովման ուղղությամբ։

«Չեմ կասկածում, որ մեր երկրների սահմանապահ ծառայությունները սերտ գործակցում են, իսկ ՀՀ-ում ռուս սահմանապահներին վերապահված խնդիրները կատարվում են ամենաբարձր մակարդակով»,- ասել է Հարությունյանը։

«Մինչ պատերազմը ՌԴ ԱԴԾ Սահմանապահ վարչությունը պատասխանատու էր ԱՊՀ սահմանների անվտանգության համար, որոնք անցնում էին ՀՀ տարածքով։ Այսօր իրավիճակը էականորեն փոխվել է»,-ասել է նա։

«Ռուսական ռազմակայանի ընդլայնման և հզորացման հարցը միշտ է եղել օրակարգում, և հայկական կողմը միշտ շահագրգիռ է եղել թեկուզ այն պարզ պատճառով, որ ռազմակայանն ամբողջ կազմով ընդգրկված է ՀՀ և ՌԴ ԶՈւ միացյալ զորակազմում։ Ուստի ռազմակայանի ընդլայնումն ինքնաբերաբար կնպաստի երկկողմ հիմքով գործող համատեղ խմբավորման հզորացմանը»,- ասել է նա, գրում է ՌԻԱ Նովոստին։

Ըստ Հարությունյանի՝ «ՌԴ ՊՆ ղեկավարությունը հաշվի է առել առկա ռազմաքաղաքական իրողությունները տարածաշրջանում և ճիշտ քայլեր է ձեռնարկել ռազմակայանի հզորացման և վերազինման ուղղությամբ։ Վաստահ եմ, որ դա երկարաժամկետ բնույթ է կրելու»,-ասել է նա։

Ռուսական 102-րդ ռազմակայանը տեղակայվել է Հայաստանի տարածքում ըստ 1995թ. մարտի 16-ի պայմանագրի: Ռազմակայանի խնդիրն է ապահովել արտաքին սահմանների ռազմավարական կայունությունը, պաշտպանել Ռուսաստանի շահերն ու Հայաստանի անվտանգությունը, այդ թվում ռուսական և հայկական զորքերի համատեղ օպերատիվ կիրառման ճանապարհով, ըստ ՀԱՊԿ 1992թ. մայիսի 15-ի դրույթների: Ստորաբաժանումները տեղակայված են Գյումրիում ու Երևանում: 2011-ին ՀՀ-ում ռուսական ռազմակայանի տեղակայման մասին պայմանագիրը երկարացվեց մինչև 2044 թ.: