Անթույլատրելի է, որ Արցախում զինծառայողների մարմինների որոնողական աշխատանքները կանգ առնեն, ցանկացած հապաղում ոչ նպաստավոր պայմաններ է ստեղծում զոհերի աճյունները փնտրելու և գտնելու համար, ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը:
Պատգամավորն անդրադարձել է ավելի վաղ Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տարածած այն հաղորդագրությանը, թե ադրբեջանական կողմն առանց մեկնաբանության արգելել է Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող բնակավայրերում իրականացնել որոնողական աշխատանքներ: Փետրվարի 22-ի դրությամբ հայտնաբերվել է ընդհանուր 1485 զինվորական ու քաղաքացիական անձի աճյուն:
«Զոհերի ընտանիքները չպետք է զրկվեն իրենց հարազատների ճակատագրի մասին տեղեկանալու իրավունքից։ Հայկական կողմը պետք է հիմնավորումներ պահանջի Ադրբեջանից, թե ինչու են խոչընդոտում այդ աշխատանքներին, հակառակ դեպքում ենթադրվում է, որ Ադրբեջանը հերթական անգամ միտում ունի անպատժելիորեն խախտել միջազգային մարդասիրական իրավունքը և փորձել օգուտներ կորզել դրանից»,- գրել է Սամսոնյանը:
44-օրյա պատերազմից հետո նոյեմբերի 13-ից սկսած հայկական կողմը զոհված զինծառայողների մարմինների որոնողական աշխատանքներ է իրականացնում Արցախի՝ Ադրբեջանի տիրապետության տակ անցած տարածքներում: