23 փետրվարի 2021 - 11:22 AMT
Վրաստանի նախագահը ստորագրել է Ղարիբաշվիլիին վարչապետ նշանակելու որոշումը

Վրաստանի նախագահը ստորագրել է Իրակլի Ղարիբաշվիլիին վարչապետ նշանակելու վերաբերյալ որոշումը։

Մինչ այդ Վրաստանի խորհրդարանը 89 կողմ և 2 դեմ ձայների հարաբերակցությամբ վստահություն էր հայտնել Ղարիբաշվիլիի գլխավորած թարմացված կազմով կառավարությանը, գրում է Sputnik Georgia-ն։

Ղարիբաշվիլին մեկ անգամ արդեն զբաղեցրել է վարչապետի պաշտոնը 2013-2015թթ․։ Նա եղել է օլիգարխ Բիձինա Իվանիշվիլու աջ ձեռքը «Վրացական երազանք» կուսակցության հիմնադրման տարիներին, որը 2012թ․ երկրի իշխող ուժն է։ Սկզբից Ղարիբաշվիլին գլխավորում էր ներքին գործերի նախարարությունը, իսկ 2013-ին փոխարինեց Իվանիշվլուն վարչապետի պաշտոնում։ Այն ժամանակ Ղարիբաշվիլին դարձավ Վրաստանի պատմության մեջ ամենաերիտասարդ վարչապետը՝ նա 31 տարեկան էր։

Վարչապետի պաշտոնը թափուր մնաց, երբ հրաժարական ներկայացրեց գործող վարչապետ Գեորգի Գախարիան։ Դա տեղի ունեցավ քաղաքական ճգնաժամի ֆոնին՝ Գախարիան հայտարարեց, որ համաձայնության չի եկել իր թիմի հետ «Միասնական ազգային շարժում» կուսակցության նախագահ Նիկա Մելիայի ձերբակալման հարցում։