23 փետրվարի 2021 - 13:52 AMT
Դեսպան․ Ռուսաստանն աջակցում է ՀՀ զինված ուժերի արդիականացմանը

ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինն ասել է, որ Ռուսաստանն աջակցում է Հայաստանի զինված ուժերի արդիականացմանը: Նրա խոսքով՝ Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարությունների միջև տարվում են շատ ինտենսիվ շփումներ տարբեր ուղղություններով:

ՌԴ դեսպանը մասնակցում էր Հայրենիքի պաշտպանի օրվան նվիրված միջոցառմանը։

«Քննարկվում են հարցեր մեր երկրների և զինված ուժերի միջև տարբեր ուղղություններով փոխգործակցության ամրապնդման վերաբերյալ», - ասել է Կոպիրկինը, գրում է Aysor.am-ը:

Նա նաև նշել է, որ Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության մասնակցությամբ անընդհատ աշխատանքներ են տարվում հայ ռազմագերիներին վերադարձնելու հարցի շուրջ:

«Կցանկանայինք, որ ամեն ինչ ավելի արագ լիներ, համաձայն «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքի, բայց աշխատանքը հեշտ չէ, սակայն շարունակվում է համառորեն», - ասել է Կոպիրկինը:

Ավելի վաղ Հայաստանի պաշտպանութան նախարար Վաղարշակ Հարությունյանը հայտարարել էր, որ հայկական կողմը շահագրգռված է Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանի ընդլայնման հարցում և որ ռազմակայանի մի մասը կարող է տեղակայվել երկրի արևելքում։

ՊՆ ղեկավարը հիշեցրել էր, որ հունվարի 25-30-ը ՀՀ-ում էին ՌԴ ՊՆ ներկայացուցիչները՝ ՀՀ ԶՈւ արդիականացմանն ու բարեփոխմանն աջակցելու նպատակով։ Համատեղ աշխատանքի արդյունքում մշակվել են հանձնարարականներ հետագա գործողությունների ՀՀ ԶՈւ արդիականացման շրջանակում միջոցառումնրի վերաբերյալ՝ շեշտը դնելով ռազմատեխնիկական բաղադրիչի վրա։