27 փետրվարի 2021 - 15:43 AMT
HRW-ն՝ Ադրբեջանի կողմից Արցախի բժշկական հաստատությունների վրա հարձակումների մասին

Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը նոր տվյալներ է ներկայացրել 2020 թվականին արցախյան հակամարտության գոտում ադրբեջանական ուժերի կողմից բժշկական հաստատությունների վրա անօրինական հարձակման երեք դրվագի մասին:

«Մենք փաստել ենք 2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին Մարտակերտի շրջանի հիվանդանոցին հասցված բազմաթիվ անօրինական հարվածների և քաղաքի արվարձանում գտնվող ռազմական հոսպիտալը հոկտեմբերին ռմբակոծելու դեպքերը:

Հրթիռակոծման արդյունքում վնասվել են երկու բժշկական հաստատություն, խափանվել է նրանց աշխատանքը»,- հայտնում են կազմակերպությունից:

Human Rights Watch-ից հայտնել են, որ հարձակումը ռազմական հոսպիտալի վրա իրականացվել է իսրայելական LAR-160 արբանյակային կառավարմամբ բազմակի օգտագործման հրթիռային համակարգի միջոցով, ինչը թույլ է տալիս ենթադրելու հարվածների կանխամտածված լինելու մասին: Շրջանային հիվանդանոցի վրա «Գրադ» կայաններից և կասետային զինամթերքի օգտագործմամբ հարձակումները ներկայացվում են որպես չտարբերակված հարվածներ:

«Մենք նաև փաստագրել ենք ադրբեջանական ուժերի կողմից հայկական ռազմական շտապօգնության վրա սեպտեմբերի 28-ին կանխամտածված հարձակման փաստը, որի ժամանակ գնդակահարվել և սպանվել է ռազմական բժիշկ»,- նշում են Human Rights Watch-ից:

Ավելի վաղ Human Rights Watch-ը փաստագրել էր Ստեփանակերտի երկու հիվանդանոցին հոկտեմբերին ադրբեջանական զինուժի կողմից չտարբերակված հարվածներ հասցնելը: