1 մարտի 2021 - 11:31 AMT
ՄԻՊ․ Սահմանների որոշումն ուղեկցվել է սեփականության իրավունքի կոպիտ խախտումներով

Այն, որ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում Ադրբեջանի հետ սահմանների «որոշման» գործընթացը չի բխում իրավունքի գերակայությունից ու հակասում է միջազգային իրավունքի հիմքերին, ապացուցվում է նաև այդ մարզերում սահմանային դարձած գյուղերի բնակիչների սոցիալ-տնտեսական, այդ թվում՝ սեփականության իրավունքի կոպիտ խախտումներով, հայտարարել է մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

ՄԻՊ-ի արձանագրմամբ՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում մարդիկ զրկված են իրենց պատկանող գույքից, քանի որ այն ֆիզիկապես համարվում է «ադրբեջանական» տարածք, հողակտորները չեն կարող մշակել, քանի որ ադրբեջանական նշանառության տակ են ու այդ վայրերում պարբերաբար կրակում են։

Ըստ Թաթոյանի՝ նույն խնդիրը վերաբերում է նաև համայնքապատկան հողատարածքներին ու դրանցից օգտվելու մարդկանց հնարավարություններին։ Սոթքում գործարարը չի կարող օգտվել Կառավարության որոշմամբ իրեն հատկացված հողատարածքից, քանի որ դրա մի մասը զբաղեցնում են ադրբեջանական ԶՈւ-երը։

«Այս խնդիրներին ի պատասխան՝ առանձին կողմեր նշում են, թե քանի որ այդ լուծումները հիմնված են տեղագրական քարտեզի վրա ու սրան էլ ավելանում է նաև GPS-ի ու Google Maps-ի կիրառությունը, ապա սրանք ամեն դեպքում այնպիսի լուծումներ են, որոնք պետք է հարկադրված ընդունել»,- գրել է ՄԻՊ-ը՝ հավելելով, որ դրանք միջազգային կանոնների խախտումներով են ընթացել։

Ըստ Թաթոյանի՝ այդ գործընթացը պետք է կազմակերպվի այնպես, որ ոչ թե մարդկանց համար առաջանան նոր խնդիրներ, այլ հակառակը՝ բոլոր անհարմարությունները հասցվեն ամենահնարավոր նվազագույնի:

Նոյեմբերի 10-ի՝ պատերազմի դադարեցման հայտարարությունից հետո Սյունիքի ու Գեղարքունիքի մի շարք բնակավայրեր դարձել են Ադրբեջանի հետ սահմանամերձ։