Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը առկա փաստերի և տվյալների համադրության արդյունքում եկել է եզրակացության, որ իրեն «Իսկանդերի» հետ կապված իրավիճակի առնչությամբ ճիշտ չի զեկուցվել, հայտարարել է վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը, փոխանցում է Armenpress-ը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով երկորրդ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարություններին, ասել էր, որ կրակած Իսկանդերը չի պայթել կամ պայթել է 10%-ով։
Նա նշել է, որ վարչապետը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ վերջերս հեռախոսազրույցումի թիվս այլ հարցերի քննարկել է նաև Հայաստանի կողմից «Իսկանդեր» համակարգի կիրառման վերաբերյալ իր հայտարարությունը:
«Ավելին, վարչապետի հայտարարությունը ոչ մի կապ չունի ռազմական և ռազմարդյունաբերական համագործակցության ոլորտում հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների բովանդակության ու որակի հետ: Կասկած չի հարուցում և այն հանգամանքը, որ ռուսական զենքը լավագույններից է աշխարհում: Հայաստանի Հանրապետությունը շարունակում է սերտ համագործակցությունը Ռուսաստանի Դաշնության հետ՝ ռազմական արդյունաբերության և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում և մտադիր է քայլեր ձեռնարկել այն էլ ավելի խորացնելու ուղղությամբ»,- նշել է Գևորգյանը:
Փաշինյանի հայտարարությունն ավելի վաղ լայն արձագանք էր ստացել նաև ռուսական լրատվամիջոցներում։ Մասնավորապես, ընգծվում էր, թե ՀՀ վարչապետը կասկածի տակ է դրել ռուսական զենքի արդյունավետությունը։ Ավելի ուշ ՌԴ ՊՆ-ից հայտարարել էին, որ Արցախում Իսկանդեր-Մ տեսակի զենք չի օգտագործվել։