1 մարտի 2021 - 17:49 AMT
Արցախի ԱԺ․ Արցախի տարածքներն օկուպացված են Ադրբեջանի կողմից

Մինչ այս պահը Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված՝ Արցախի Հանրապետության տարածքները համարվում են բռնազավթված, օկուպացված Ադրբեջանի կողմից։

ԱՀ Ազգային ժողովը մարտի 1-ին հայտարարություն է տարածել Արցախի՝ Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող տարածքների իրավական կարգավիճակի վերաբերյալ: Հայտարարությունն ԱԺ արտահերթ նիստում ներկայացրել է ԱԺ «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության ղեկավար Դավիթ Մելքումյանը:

Ըստ այդ հայտարարության՝ ԱՀ նկատմամբ Ադրբեջանի իրականացրած ագրեսիան և տարածքների բռնազավթումը «որևէ իրավական ազդեցություն չեն կարող ունենալ ապագա բանակցությունների ընթացքում՝ Արցախի Հանրապետության կարգավիճակի և սահմանների որոշման գործընթացում»:

2020-ի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել Արցախի դեմ՝ ահաբեկիչ-վարձկանների ու Թուրքիայի անմիջական մասնակցությամբ։ 44 օր տևած պատերազմում հայկական կողմը ՀՀ-ում ու Արցախում զիջումների է գնացել։