1 մարտի 2021 - 16:24 AMT
«Իմ քայլում» համաձայն չեն գնալ արտահերթի՝ հետ կանգնելով Գասպարյանի հեռանալու պահանջից

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն ընդունելի է համարում «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ներկայացրած առաջարկի միայն այն հատվածը, որը վերաբերում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ հուշագրի ստորագրմանը, փոխանցում է «Ազատություն» ռադիոկայանը։

Ավելի վաղ Մարուքյանը նշել է, որ եթե վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնից չազատի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին և պաշտոնում վերականգնի ԳՇ պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին, ԼՀԿ-ն իշխանության հետ հուշագիր կստորագրի արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ:

«Երկրորդ հատվածի առումով ասել ենք, որ երբևէ, որևէ փուլում պատրաստ ենք գործնական քայլեր անելու այդ ուղղությամբ, իսկ առաջին հատվածի առնչությամբ ես կարծում եմ, որ պարոն Մարուքյանի ասածն անգամ քննարկման ենթակա չէ: Կա Սահմանադրություն, և մենք պետք է պատասխանատու լինենք դրա իրականացման համար ու որևէ կերպ չնպաստենք Սահմանադրության խախտմանը: Մենք ընդունում ենք Մարուքյանի առաջարկի երկրորդ հատվածը և պատրաստ ենք ցանկացած պահի»,- ասել է Մակունցը:

Իմքայլական մեկ այլ պատգամավոր՝ Ռուբեն Ռուբինյանը հայտնել է, թե իրենք պատրաստ են ԼՀԿ-ի հետ հուշագիր ստորագրել առանց նախապայմանների։

«Սա անտրամաբանական ու անընդունելի նախապայման է, ստացվում է, որ ԳՇ պետն ու նրա տեղակալը դառնում են քաղաքական գործոն, ու իրենց նշանակումը կամ ազատումը դառնում են քաղաքական պայմանավորվածության մաս։ Դա անընդունելի է ժողովրդավարության ու սահմանադրության տեսանկյունից», - ասել է նա, փոխանցում է Sputnik Armenia-ն։

Ռուբինյանի խոսքով՝ ավելի տրամաբանական կլիներ, եթե Մարուքյանը հայտարարեր, որ պատրաստ է արտահերթ ընտրությունների գնալու մասին հուշագիր ստորագրել առանց նախապայմանների։

«Մենք ասել ենք մեր լուծումը՝ նախագահը ստորագրում է Գասպարյանի ազատման որոշումը, կամ Օնիկ Գասպարյանն ինքն է հրաժարականի դիմում ներկայացնում, դրանից հետո մենք սկսում ենք կոնսուլտացիաներ քաղաքական ուժերի հետ, այդ թվում` արտահերթ ընտրությունների վերաբերյալ»,-ասել է նա։