1 մարտի 2021 - 16:51 AMT
Գեղարքունիքի փոխմարզպետը ազատման դիմում է գրել և միացել ԶՈւ ԳՇ-ի հայտարարությանը

Գեղարքունիքի փոխմարզպետ, ՀՀ նախկին զինվորական կոմիսար, գեներալ-մայոր Հենրիկ Մուրադյանը պաշտոնից ազատման դիմում է գրել և միացել ԶՈւ ԳՇ-ի հայտարարությանը։ Այդ մասին ասվում է նրա հայտարարության մեջ։

«Հայաստանի Հանրապետության իշխանության անհեռանկար քաղաքականությունը հանգեցրեց նրան, որ վարչախումբը ձեռնոց նետեց Հայաստանի Զինված ուժերին՝ մի բան, որ նշանակում է ձեռք բարձրացնել հայոց սրբության՝ հայկական բանակի վրա:

Ես՝ որպես հայկական բանակի ստեղծման ակունքներում կանգնած գեներալ, այս ամենը չեմ կարող հանդուրժել և ներել բանակի դեմ ցանկացած ոտնձգություն՝ առավել ևս սեփական երկրի իշխանության կողմից, հետևաբար՝ այսօրվանից իմ դիմումի համաձայն հեռանում եմ Գեղարքունիքի մարզպետի աշխարհազորի գծով տեղակալի պաշտոնից և միանում եմ ԶՈւ ԳՇ-ի հայտարարությանը և սատարում եմ գլխավոր շտաբի պետին: Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը…»,-ասվում է հայտարարության մեջ։

44-օրյա պատերազմի հետևանքով Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի 39 բնակավայր սահմանամերձ է դարձել, ինչը մեծ անվտանգային, ինչպես նաև տնտեսական խնդիրներ է առաջացրել տեղի բնակչության համար։ ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը բազմիցս հայտարարել է, որ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում Ադրբեջանի հետ սահմանների «որոշման» գործընթացը չի բխում իրավունքի գերակայությունից ու հակասում է միջազգային իրավունքի հիմքերին, ապացուցվում է նաև այդ մարզերում սահմանային դարձած գյուղերի բնակիչների սոցիալ-տնտեսական, այդ թվում՝ սեփականության իրավունքի կոպիտ խախտումներով։ ՄԻՊ-ն այդ հարցի վերաբերյալ մի քանի զեկույց է ուղարկել միջազգային կառույցներին։