2 մարտի 2021 - 13:29 AMT
ԱՆ․ ՀՀ-ն առաջինը «Սպուտնիկ V» կգնի՝ 15,000 դեղաչափ

Կորոնավիրուսի դեմ առաջին պատվաստանյութը, որը կգնի Հայաստանը, «Սպուտնիկ V»-ն է լինելու, հայտնել է առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի փոխտնօրեն Գայանե Սահակյանը, փոխանցում է Sputnik Armenia-ն։

«Այս պահին ռուսական կողմի հետ պայմանագրի ստորագրման փուլում ենք։ Շատ հավանական է, որ պատվաստանյութը մյուս շաբաթվա մեջ Հայաստան ներկրվի։ Մենք 15,000 դեղաչափ ենք ձեռք բերում, և քանի որ անհրաժեշտ է երկու դեղաչափ, նախատեսում ենք այս փուլում 7500 մարդու պատվաստել»,- ասել է Սահակյանը։

Նա նշել է նաև, որ կորոնավիրուսի դեմ պատվաստումներն արդեն սկսվել են հիվանդների ու բուժաշխատողների շրջանում. ՌԴ առողջապահության նախարարության կողմից Հայաստանը նվեր էր ստացել պատվաստանյութ` նախ 30, հետո` 1000 մարդու համար (2060 դեղաչափ)։

Պատվաստանյութերի նոր խմբաքանակով, ըստ Սահակյանի, մարտի կեսերին կշարունակեն պատվաստումներն ինչպես բուժաշխատողների շրջանում, այնպես էլ խոցելի խմբերում` 65-ից բարձր տարիք և քրոնիկ հիվանդություններ ունեցողների շրջանում։

Սահակյանի փոխանցմամբ՝ իրենք այժմ զուգահեռ բանակցություններ են վարում, որպեսզի պետությունն այլ պատվաստանյութ էլ գնի, սակայն որը կլինի հաջորդը և ինչ խմբաքանակով` դեռ պարզ չէ։ Փետրվարի 18-ին առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ասել էր` մասնագիտական հանձնաժողովը հավանություն է տվել Հայաստանում «Սպուտնիկ V», AstraZeneca և Pfizer պատվաստանյութերի կիրառմանը։ Փորձաքննությունների տվյալներով` «Սպուտնիկ V» պատվաստանյութի կլինիկական ուսումնասիրությունների երրորդ փուլը 91․6% արդյունավետություն է ցույց տվել։