3 մարտի 2021 - 11:44 AMT
Այվազյանն ու Բորելը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր

ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ, քննարկել նաև տարածաշրջանային անվտանգությանն և կայունությանն առնչվող հարցեր։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի և դրա արդյունքում արցախահայության առջև ծառացած մարտահրավերների հասցեագրման գործում միջազգային գործընկերների ներգրավվածության շուրջ։ Երկուստեք կարևորվել է ԼՂ խաղաղ կարգավորման հարցերի հասցեագրումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում։

ԱԳ նախարարը և ԵՄ Բարձր ներկայացուցիչը միմյանց շնորհավորել են ԵՄ և ԵՄ անդամ երկրների կողմից ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացի ավարտի կապակցությամբ:

Երկուստեք ընդգծվել է, որ համաձայնագրի լիարժեք ուժի մեջ մտնելը նոր հեռանկարներ է բացում Հայաստանի և Եվրոպական Միության միջև բազմաոլորտ գործընկերության համար։

Հայաստանի ԱԳ նախարարը և ԵՄ բարձր ներկայացուցիչը մտքեր փոխանակեցին նաև Արևելյան գործընկերության շրջանակներում ԵՄ և ԵՄ երկրների հետ համագործակցության, ինչպես նաև ԱլԳ առաջիկա միջոցառումների ժամանակացույցի շուրջ: